Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը որոշել է դուդուկի տեսքով հյուրանոց կառուցել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ «Ռոսիա կինոթատրոնի» տարածքում Խաչատուր Սուքիասյանն կառուցում է մեծ առեւտրի կենտրոն՝ վերջին շրջանում շատ նորաձեւ դարձած «մոլ», որտեղ բացի խանութներից՝ կլինեն նաեւ սրճարան, սննդի կետեր եւ այլն:

Առեւտրի կենտրոնի շինարարությունն արդեն ավարտական փուլում է, այն կոչվելու է «Ռոսիա մոլ»: Դրա դիմացը՝«Քուին բուրգեր» արագ սննդի կենտրոնի տարածքում, քննարկվում է կառուցել հյուրանոց՝ ժողովրդական գործիք դուդուկի տեսքով:

Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Սիլ կոնցեռնը» պատրաստ է ֆինանսավորել հայկական որեւէ խորհրդանիշ հանդիսացող շենք, եթե դա համապատասխանի տարածքին, հետաքրքիր ճարտարապետական լուծում ունենա եւ գեղեցիկ  ոճ առաջարկի՝ հայկական խորհրդանիշի պատկերով:

Նկատենք, որ եթե նախկինում՝ քաղաքական հետապնդումների շրջանում Խաչատուր Սուքիասյանին թույլ չէին տալիս անգամ 2-3 հարկանի շինություն կառուցել, այժմ նրան թույլատրել են կառուցել մոտ 12-13 հարկանի հյուրանոց: