Քաղաքական առումով աշխարհում Հայոց ցեղասպանության հարցոում սկզբունքային փոփոխություն է տեղի ունեցել։ Խոսքը տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին է։ Այս մասին մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա գրեթե կասկածներ չուն, որ այս տարի կավելանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը։ Նրա խոսքով՝ մայիսի 6-ին Ցեղասպանությունը ճանաչած Լյուքսեմբուրգը փոքր երկիր է, բայց դա ԵՄ անդամ հիմնական երկրներից է եւ ԵՄ հիմնադիր պետությունը։ «Համաձայն թուրքական մամուլի՝ Թուրքիան շոկի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ, Լյուքսեմբուրգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ նա նշեց. «Մենք տեսանք, որ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը մեզ հետ կիսում էր մեր ցավը։ Մենք տեսանք, որ աշխարհում հայությունը լուրջ գործոն է, որ մեր ձայնը լսելի է աշխարհում։ Պետք է նշեմ, որ այդ միջոցառումները կրում են ոչ միայն քաղաքական, այլ նաեւ մշակութային բնույթ, քանի որ միլիոնավոր մարդկանց սրտերին կարելի է հասնել ոչ թե քաղաքական գնահատականների, այլ մշակութային լեզվի միջոցով»։
Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիայի խնդիրն է հակազդել Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ օգտագործելով քարոզչության տարբեր միջոցներ։ «Սակայն , ինչպես մենք տեսանք, դա հաջողությամբ չի պսակվում։ Գալիպոլիի միջոցառումները չտվեցին այն արդյունքը, որն ակնկալում էր թուրքական կողմը»,- նշեց թուրքագետը։





























