2016թ-ին Հայաստանը հյուրընկալելու է Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի՝ CIBJO-ի ամենամյա կոնգրեսը: Այս հեղինակավոր ֆորումը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է այս տարի Բրազիլիայում մայիսի 4-6-ը անցկացվող CIBJO-ի հերթական կոնգրեսի ժամանակ:
2015թ-ի CIBJO-ի Կոնգրեսի գլխավոր անսամբլեան քվեարկությամբ որոշեց, որ հաջորդ տարի կոնգրեսն ընդունող կողմեր են դառնում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը՝ AJA-ը:
CIBJO-ի նախագահ Գաէտանո Կավալյերին եւ կոնգրեսի՝ համաշխարհային ոսկերչության առանցքային ներկայացուցիչները ջերմորեն ողջունեցին AJA-ի նախագահ եւ Հայաստանի նախագահի ոսկերչության զարգացման գծով խորհորդատու Գագիկ Գեւորգյանին այս հաղթանակի համար:
Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիան՝ CIBJO-ն, ներկայացնում է անհատների, ընկերությունների եւ կազմակերպությունների շահերը, որոնք զբաղվում են ոսկերչությամբ եւ այլ թանկարժեք մետաղների մշակմամբ: CIBJO-ն ստեղծվել է 1926թ-ին եւ ոսկերչության ոլորտում գործող ամենահին կազմակերպություն է: Կառույցին անդամակցում են ավելի քան 40 երկրների ազգային ոսկերչությամբ զբաղվող առեւտրային կազմակերպություններ: Նրա տիրույթներն ընդարձակ են, ներառում են ոսկերչությունը, թանկարժեք մետաղների մշակման եւ հանքերի ոլորտները՝ վերամշակումից, արտադրությունից մինչեւ առեւտրային կենտրոններ:




























