Եվրասիական տնտեսական միության երկրները միությանը Ղրղըզստանի անդամակցության մասին որոշում են կայացրել:

2015 թվականի հունվարին ստեղծված կառույցը միավորում է Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին եւ Հայաստանին:

«Կասկածի տեղիք տվող բոլոր հարցերը լուծված են, եւ մենք այսօր փաստաթուղթ ենք ընդունում ղրղըզական կողմին լիարժեքորեն մեր միություն ընդունելու մասին, ինչի առիթով շնորհավորում եմ ձեզ»,- ուրբաթ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Ղրղըզստանի անդամակցության մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերին: Նախատեսվում է, որ հանրապետությունն ինտեգրացիոն միավորմանը կանդամակցի մայիսի 8-ին, վավերացման ավարտից հետո:

Մինչ այդ, կողմերին չէր հաջողվում համաձայնության գալ որոշ հարցերի շուրջ: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հաղորդել էր, որ Ղրղըզստանը մարտին առաջարկել է փոփոխություններ մտցնել գործող արձանագրություններում, «որոնք միության անդամներին տրամաբանական չեն թվում»: