Այժմյան Եվրոպայում տարբերությունների հաղթահարումը, բոլոր մարդկանց իրավունքների հարգումը, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքներին հավատարմությունը լավագույն հարգանքի տուրքն է, որ կարող ենք մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին: Այս մասին Ստրասբուրգում ֆաշիզմից Եվրոպայի ազատագրման 70-ամյակին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
«Մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք յուրաքանչյուրին, ով զոհվել է մեր ազատության համար. պատերազմ մեկնած յուրաքանչյուր զինվորին, զոհված քաղաքացիական անձանց, յուրաքանչյուր ժողովրդի, որի ճակատագիրը խեղել են պատերազմի վերքերը: Միայն Լենինգրադի շրջափակման ժամանակ ավելի շատ մարդ է մահացել, քան բրիտանական եւ ամերիկյան զորքերը կորցրել են ամբողղջ պատերազմի ընթացքում: Հարկավոր է հիշել այս փաստերը»,- ասել է նա:
Յագլանդն ընդգծել է, որ այդ հակամարտությունը նախադրյալներ ստեղծեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Եվրոպայի խորհրդի ստեղծման համար, որը ձեւավորվել է Երկրորդ աշխարհամարտից կարճ ժամանակ անց՝ 1949 թվականին:
«Այն ժամանակ ավերված Եվրոպայի առաջնորդները կարողացան մեր այսօրվա հասարակության հիմքը դնել՝ հռչակելով ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության սկզբունքները: Այսօր մենք պետք է հավաստենք այդ արժեքներին մեր հավատարմությունը: Մենք պետք է միասին աշխատենք՝ մեր խնդիրները հաղթահարելու համար:
Մենք երբեք չենք կարող փոխել այն, ինչ տեղի ունեցավ 70 տարի առաջ: Բայց եթե մեր ժողովուրդները շարունակեն համատեղ աշխատել տարբերությունները հաղթահարելու ուղղությամբ՝ ջանալով ստեղծել ավելի ուժեղ, միացյալ, բարգավաճող եւ անվտանգ Եվրոպա, որտեղ կհարգվեն բոլոր մարդկանց իրավունքները, կարծում եմ, որ դա լավագույն տուրքը կլինի զոհերի հիշատակին»,- ամփոփել է նա:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերն ու ԵԽ նախարարների կոմիտեի ներկայացուցիչ, դեսպան Դիրք վան Յոեկհոուտը նույնպես հանդես են եկել ելույթով եւ ծաղիկներ խոնարհել բոլոր նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքն են զոհել ֆաշիզմի դեմ պայքարում:





























