Բելառուսը մայիսի 14-ին Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարների գագաթնաժողովի եւ Երեւանում ընթացող Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակներում դարձել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ (ֆոտոռեպորտաժ)։
Չնայած այն հանգամանքին, որ Նորվեգիայի պատվիրակության ղեկավարը գագաթնաժողովի ժամանակ որոշակի առարկություններ ուներ, այդուհանդերձ Բելառուսը ընդունվեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածք։
Նորվեգիայի պատվիրակության ղեկավարը մասնավորապես նշեց.
«Մենք հարգում ենք Բելառուսի այդ ընտրությունը, սակայն մայիսի 6-ի դրությամբ դեռեւս պարզ չէր, թե ինչ է պատրաստվում ներդնել այդ երկիրը ընդհանուր գործընթացի մեջ։ Միգուցե մենք հետաձգե՞նք Բելառուսի անդամակցությունը։ Խոսքը ճանապարհային քարտեզի ամբողջական պահպանման մասին է։ Մենք ողջունում ենք Բելառուսին մեր ընդհանուր տարածքում, սակայն ես ամեն դեպքում անհանգստացած եմ այդ երկրի ճանապարհային քարտեզի կապակցությամբ։ Հուսանք Բելառուսը կհետեւի այդ ճանապարհային քարտեզին»,- ասաց նա։
Նիդերլանդների կրթության նախարարը իր հերթին նշեց. «Ես դեմ չեմ Բելառուսի անդամակցությանը։ Այս պահին մենք ընդունում ենք նրան, որպեսզի խրախուսենք։ Սակայն 2018թ. մենք կստուգենք, թե որքանով է նա այդ պայմանները կատարում եւ ինչ բարեփոխումներ է անցկացնում երկրում»։
Հարցի քննարկումը ամփոփելով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց. «Մենք ողջունում ենք Բելառուսի հայտը։ Բելառուսը դեռ երբեք այդքան մոտ չի եղել եվրոպական չափանիշներին։ Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ պետք է հետեւենք այդ երկրում բարեփոխումների անցկացմանը։ Ինձ թվում է, որ քվեարկել պետք չէ, եկեք հաշվի առնենք բոլոր մտահոգությունները, փաստաթղթերից մեկում պարագրաֆ ավելացնենք, որով պետք է օգնենք Բելառուսի ԲՈՒՀ-երին եւ ողջունենք Բելառուսին Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում։ Մաղթում ենք ձեզ հաջող եւ կայուն անդամակցություն»։





























