Մայիսի 14-15-ը Երեւանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Շվեդիայի կրթության եւ հետազոտությունների նախարար Հելեն Հելմարկ Կնուտսոնի հետ (ֆոտոռեպորտաժ):
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմեն Աշոտանը շնորհակալություն է հայտնել վերջինիս նախարարական գագաթաժողովին մասնակցելու համար` ընդգծելով, որ այն կարեւոր է ոչ միայն Բոլոնիայի գործընթացի ապագայի, այլ նաեւ երկկողմանի հարաբերությունների զարգացման տեսակետից:
Նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը, մասնավորապես, միջպետական բուհերի առկայությունը եւ բուհերի ինքնավարության սկզբունքները: Արմեն Աշոտյանի խոսքով` Բոլոնիայի գործընթացին անդամագրվելուց հետո սկսվել են հսկայածավալ բարեփոխումներ, այդ թվում` կրթության որակի հետ կապված: Դրա հետեւանքով կրկնակի կրճատվել է ոչ պետական բուհերի թիվը, նոր ընթացք է ստացել միջազգային հավատարմագրման գործընթացը:
Նախարարի խոսքով` եվրոպական ոչ մի երկրում դեռեւս վերջնականապես չեն ավարտվել կրթական բարեփոխումները, եւ միշտ առկա են նոր մարտահրավերներ: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ բուհերում սովորում են մեծ թվով օտարերկրյա ուսանողներ տարբեր երկրներից` ընդգծելով, որ ՀՀ բուհերում կրթությունը գրավիչ է` իր մատչելի գնի եւ որակի հետ կապված:
Հելեն Հելմարկ Կնուտսոնն կարեւորել է բուհերի միջազգայնացման խնդիրը` այդ համատեքստում ընդգծելով միջբուհական համագործակցության եւ ուսանողների փոխանակման ծրագրերը: Նա ներկայացրել է նաեւ կրթության ոլորտում կանանց եւ տղամարդկանց ներգրավվածության մասին տեղեկատվություն, մասնավորապես, գիտահետազոտական ծրագրերում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Շվեդիայի Թագավորության Կառավարության միջեւ կրթության եւ հետազոտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը:





























