Անպատժելիությունն, ընդհանրապես, վատ է: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ ի պատասխան լրագրողների խնդրանքի՝ մեկնաբանել Սյունիքի մարզպետ Սուիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:

Նրա խոսքով, կոնկրետ գործով հայտարարություններ անելն անհնար է. «Արդարադատության նախարարությունը չի զբաղվում քննությամբ, ուստի ես չեմ կարող մեկնաբանել այդ գործը: Իհարկե, որքան հստակ աշխատի քննությունը, այնքան լավ»,-ասել է նախարարը:

Հարցին, ինչպես կարելի է փոխել երկրում առկա անպատժելիության մթնոլորտը, Մանուկյանը պատասխանել է. «Անպատժելիությունն, ընդհանրապես միշտ վատ է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գորիսում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցություն է ունեցել նաեւ Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: NЕWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին,  երեկոյան, Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մեքենա վարելիս զուգահեռ անցնող ավտոմեքենան երթեւեկությունը խախտել է,  վեճ է առաջացել, ապա պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները, որոնք Ավետիք Բուդաղյանի հետ բարեկամական կապեր ունեն եւ որոշակի խնդիրներ են ունեցել Սյունիքի մարզպետի հետ, գնացել են նշված տարածք: 2 եղբայրներին դիմավորել են 40-ից ավելի երիտասարդներ, վիճել են, հայհոյել եւ հավաքվածները ծեծի են ենթարկել եղբայրներին: Նրանցից մեկի վիճակը ծանր է եղել, տեղափոխվել է Երեւան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երիտասարդի աչքն է վնասված եւ առայժմ հայտնի չէ, թե վիրահատությունից հետո տեսողությունը կվերականգնվի, թե՝ ոչ:

Թե Սուրիկ Խաչատրյանը, թե նրա կինը՝ Լորետան, մեզ հետ զրույցում հերքել էին, թե իրենց որդին կապ ունի ծեծկռտուքի հետ: