2009 թվականին ԱՊՀ երկրների շարքում ամենամեծ տնտեսական անկումը գրանցվել է Ուկրաինայում, որտեղ ՀՆԱ անկումը կազմել է 20,3 տոկոս, այնուհետեւ հաջորդում է Հայաստանը` 16,3 տոկոսով, ապա Ռուսաստանը` 13,4 տոկոսով: Այս մասին այսօր հայտնել է ԱՊՀ վիճակագրական կոմիտեն: ՌԴ տնտեսության զարգացման նախարարության տվյալներով, Ռուսաստանի ՀՆԱ անկման ցուցանիշը կես տարում ընկել է 10,1 տոկոսով: «Միջազգային ճգնաժամը զգալի բացասական ազդեցություն է ունեցել ԱՊՀ երկրների վրա, որն արդյունք է այն բանի, որ այդ երկրների տնտեսությունները ուժեղ կախման մեջ են համաշխարհային պահանջարկից, արտահանվող հումքի գներից, միջազգային կրեդիտների եւ ներդրումների հոսքերից, արդյունաբերական արտադրության անկումից: 2009-ի առաջին կիսամյակում ԱՊՀ երկրների տնտեսությունների մեծ մասում ռեցեսիան շարունակվել է: Այդ ընթացքում ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրներում ՀՆԱ անկումը կազմել է միջինը 9 տոկոս»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա այդ ցուցանիշով ԱՊՀ 12 երկրներից առաջին տեղում կրկին Ուկրաինան է, որտեղ սպառողական գները 6 ամսում աճել են 17,6 տոկոսով: Երկրորդ տեղում Բելառուսիան է 14,6 տոկոսով, իսկ երրորդում` Ռուսաստանը` 13,1 տոկոսով:




























