Մայիսի 14-15-ը Երեւանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղարի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Թիերի Մանդոնին` գագաթաժողովի մասնակցության համար` ընդգծելով, որ Բոլոնիայի քարտուղարության ղեկավարության էստաֆետը փոխանցվելու է բարեկամ Ֆրանսիային: Արմեն Աշոտյանի խոսքով` Հայաստանի համար մեծ մարտահրավեր էր` ԵՄ անդամ չհանդիսացող երկրում կազմակերպել նման բարձր մակարդակի գագաթաժողով: Նախարարը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիայի հետ կիսվել Հայաստանի փորձով` գագաթաժողովի կազմակերպման, ենթակառուցվածքների, մեթոդաբանության եւ այլ հարցերով: Արմեն Աշոտյանը նաեւ գոհունակությամբ  ընդգծել է, որ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակի համագործակցություն:

Թիերի Մանդոնն իր հերթին նշել է, որ տպավորված է Հայաստանի կատարած աշխատանքով` ընդգծելով, որ հսկայական  եւ գերազանց գործ է կատարվել գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար, այդ թվում` կազմակերպչական,  փաստաթղթերի կազմման համատեքստում: Նա նշել է, որ պետք է ձգտել հասնել Հայաստանի արդեն իսկ սահմանած նշաձողին: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումների եւ այլ հարցերի:

Քննարկվել է նաեւ երկու երկրների կառավարությունների միջեւ կրթության ոլորտում նոր համաձայնագրի ստորագրման հնարավորությունը ` այն ավելի արդիականացնելու   ընդլայնելու նպատակով: