ՀՀ-ում ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո 2 տարի շարունակ հայկական բիզնեսը կարող է աշխատել ազգային օրենսդրության հիման վրա։ ԵՏՄ ապրանքերի մեծ մասի համար երկամյա անցումային ժամանակաշրջանը սկսվում է 2016թ. հունվարի 1-ից։ Իսկ որոշ ապրանքերի համար, օրինակ՝ կահույքը, փոխադրամիջոցները, նոր պահանջները պարտադիր կդառնան համապատասխանաբար 2019թ. եւ 2022թ.։
Անցումային շրջանները թույլ կտան հայ արտադրողին հանգիստ պատրաստվել աշխատանքի նոր պայմաններին, ձեւակերպել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կատարելագործել արդյունաբերությունը։
«Քանի որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պահին միությունում արդեն գործում էր 34 տեխնիկական կանոն, Հայաստանի համար որոշում է կայացվել բիզնեսին որոշակի ժամանակահատվածում ընտրության իրավունք տալ՝ որոշելու համար, թե որ նորմերին համապատասխան է այն գործելու։ Ներկրողների եւ արտահանողների համար առավել շահավետ է ԵՏՄ պայմանները, իսկ միայն հայկական շուկայում աշխատող ձեռներեցների համար վերագործարկման համար ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը։



























