Ապագայում Հայաստանում հնարավոր կլինի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու որոշ հատվածներ վճարովի դարձնել։ Այս մասին մայիսի 15-ին՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի  փոխնախարար Արթուր Առաքելյանը։

Նա նշեց, որ այդ դեպքում պետությունը այդուհանդերձ ստիպված է լինելու անվճար այլընտրանքային ուղի ապահովել։ Օրինակ՝ կարող է վճարովի լինել Քաջարանի եւ Իրանի հետ սահմանի միջեւ ընկած ճանապարհահատվածը։ Երթեւեկության դիմաց վճարվող գումարը հնարավորություն կտա փակել դրա շինարարության ծախսը։ Այլընտրանքային կդառնա լեռնային անցուղիներով ճանապարհը։

Նախնական հաշվարկներով՝ դա թույլ կտա լրացուցիչ 200 մլն դոլար ստանալ։ «Իսկ դա նշանակում է, որ հենց այդքան կպակասի մայրուղու շինարարության վարկային բեռը»,- նշեց Առաքելյանը։

«Հյուսիս-Հարավ» քառագոտի մայրուղին կկրճատի Իրանից մինչեւ Վրաստանի սահման հասնելու ժամանակը, ինչպես նաեւ ներկայիս 556 կմ հեռավորությունը մինչեւ 500 կմ-ի՝ մի շարք լեռնային հատվածներ ուղղելու եւ ավելի ուղիղները կառուցելու հաշվին (Արարատ քաղաքից մինչեւ Սիսիանի մարզի Նորավան գյուղ՝ Վայոց ձորի մարզով, իսկ այդտեղից՝ մինչեւ Քաջարան քաղաք): Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 960 մլն դոլար, նախագծի հիմնական դոնորը Զարգացման ասիական բանկն է (շուրջ 500 մլն դոլար):