Մինչ Սուքիասյանների ընտանիքը դիմում է Եվրադատարան՝ «Բջնի» հանքային ջրերի գործարանի կրած բարոյական ու նյութական վնասը գնահատելով մոտ 124 միլիոն եվրո, «Բջնի» հանքային ջրերի գործարանն արտադրանք է թողարկում։ Գործարանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիկչյանը հայտարարել է, որ օգոստոսի 8-ից արդեն արտադրանք է թողարկվում, ու արդեն մոտ 40 հազար շիշ «Բջնի» արտադրվել է։ Ըստ Չիկչյանի՝ այս պահին գործարանում աշխատում է 98 մարդ:

ՍԻԼ-կոնցեռնից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց ընկերությունը կապ չունի «Բջնիի» նոր արտադրանքի հետ: «Այս պահին մեր հայցը մոտ մեկ շաբաթ է՝ մտել է Եվարադատարան»,- հայտնեցին ՍԻԼ-կոնցեռնի մամուլի ծառայությունից:

Ի դեպ, Չիկչյանը նաեւ նշել էր, որ ցանկացած ժամանակ հիմնադիրը կարող է իր գումարը մուծել, պարտատերերի պահանջները բավարարել եւ առողջացնել հիմնարկը։

ՍԻԼ-կոնցեռնը համարում է, որ այդ տուգանքները, որ դրվել են ընկերության վրա, ապօրինի են, եւ չի պատրաստվում մուծել այդ գումարները:

Հիշեցնենք, որ ՍԻԼ-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի դեմ հետապնդումներ սկսվեցին, երբ նա հայտարարեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցելու իր որոշման մասին: «Բջնի» գործարանը վերցրին գործարարի ձեռքից, եւ 2009թ. փետրվարին աճուրդի արդյունքում գործարանը գնեց գործարար, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ «Բջնի» գործարանի տնօրինությունը, սակայն, վիճարկեց աճուրդի օրինականությունը։ Այնուհետ ընկերությունը բողոքարկեց դա դատարանում, եւ դատարանը բավարարեց հայցը՝ սնանկ հայտարարելով գործարանը: