Վենետիկի բիենալեն ոչ միայն մշակույթի հաղթանակ է, այլեւ մեր ինքնության հաղթանակը: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ անդրադառնալով ժամանակակից արվեստի Վենետիկի 56-րդ բիենալեին Հայաստանի ստացած «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին:
«Սա ցույց տվեց, որ պատմական հիշողությունը մեր արվեստագետների աշխատանքների մեջ չափազանց կարեւոր հատված եւ բովանդակություն է։ Նաեւ մեծ նշանակություն ունի այն, որ այդ օրերին «Սկիրա» հայտնի իտալական հրատարակչության կողմից տպագրվեց «Հայություն» կատալոգը, որը ներառում է մեր տաղավարի նկարագրությունը եւ մեր արվեստագետների աշխատանքները»,-ասաց նա:
Նշենք, որ «Ոսկե առյուծ» մրցանակը շնորհվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ սփյուռքահայ արվեստագետների ստեղծագործությունները ներկայացնող հայկական տաղավարին:«Հայություն. ժամանակակից սփյուռքահայ արվեստագետներ» տաղավարը գտնվում էր Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության վանքում:
Նախարարը նշեց, որ Հայաստանը մասնակցելու է նաեւ Պեկինի միջազգային բիենալեին, որին այժմ նախապատրաստվում են:




























