«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը պատրաստ է համագործակցել ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցության հետ, եթե ծրագրերը համընկնեն: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, «Ալյանս» կուսակցության համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Կանոնադրական նորմերը ես կարդացի, բավականին դրույթներ կային, որ համընկնում էին մեր ծրագրային մոտեցումներին, բացառությամբ ազատական մոտեցումներին մի քիչ ավելի տեղ տալը: Մնում է, որ մնացածը թղթի վրայից վերածվի գործի։ Մենք քաջալերում ենք նման նախաձեռնությունները, որպեսզի ի վերջո երկրում ձեւավորենք համերաշխության, հանդուրժողականության, դեպի ապագան միտված ծրագրեր»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ «Ալյանս» կուսակցության առաջադրած մոտեցումները պահանջված են Հայաստանում: Նա նշեց, որ հույս ունի, որ այս կուսակցությունը երկրում այնպիսի իրավիճակ կստեղծի, որ կուսակցություններն իրար հետ մրցակցեն ծրագրերով, ոչ թե «գրպանի պարունակությամբ»:

Հիշեցնենք, որ այսօր կայացած՝ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջին համագումարին ձայների մեծամասնությամբ (երկու դեմ եւ ութ ձեռնպահ) Տիգրան Ուրիխանյանն ընտրվեց կուսակցության նախագահ: Ուրիխանյանը ԲՀԿ-ն լքել էր կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո։