Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ, դաժանորեն սպանված Հայկազ Բարսեղյանին ծաղրուծանակի ենթարկելու մեջ մեղադրվող Արշակ Մարտիրոսյանին դատապարտելուն Հայկազ Բարսեղյանի հայրը դեմ է: NEWS.am-ի հետ զրույցում Արկադի Բարսեղյանն ասաց, որ որդու եւ կուրսանտի միջեւ տեղի ունեցած վեճը սպանության հետ կապ չունի եւ ինքը դեմ է, որ դրա համար կուրսանտը պատժվի:
«Դեպքը սպանության գործի հետ կապ չունի, Օպերայից զորամաս գալու ճանապարհին ավտոբուսի մեջ վիճաբանել են 3 հոգի՝ Հայկազը, Արշակը ու էլի մի տղա: Որ սպանությունը չլիներ, դրա մասին ոչ մեկ էլ չեր իմանա: Սպանությունից հետո նոր սկսել են քննել: Ես դեմ էի, ասեցի՝ պետք չի էդ երեխուն դատապարտեն, նա սպանության հետ կապ չունի: Պետք չի, որ իր կյանքն էլ կործանվի, դատվի»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Արկադի Բարսեղյանը նշեց, որ ինքը համաձայն չի Արշակ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի հետ, քանի որ նրա խոսքով՝ ոչ թե Արշակը ծաղրել է Հայկազին, այլ տղաների միջեւ վիճաբանություն է տեղի է ունեցել:
«Մոտիկ ընկերներ են եղել, քաշքշել են իրար, երկուսն էլ իրար խոսքով վիրավորել են, չի բռնել ու ծաղրուծանակի ենթարկել: Հայկազն էն էրեխեն չէր, որ թույլ տար իրեն էդ վիճակին գցեին»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Նշենք, որ առանձնացված դրվագով մեղադրանք է առաջադրվել միայն կուրսանտ Արշակ Մարտիրոսյանին: Վերջինը, ըստ մեղադրական եզրակացության, 2015թ. հունվարի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ա. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում, ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո, ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին զորամասին ամրակցված ավտոբուսի մեջ վիճաբանել է նույն դասակի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում հայհոյել եւ քաշքշել է վերջինիս` այդ կերպ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Արշակ Մարտիրոսյանը հանձնվել է հրամանատարական հսկողությանը։
Հիշեցնենք, որ կուրսանտի սպանության գործով առանձին գործ է հարուցված։ Արշակ Մարտիրոսյանն այդ գործով որպես մեղադրյալ ներգրավված չէ։





























