Ռուսաստանի եւ Էստոնիայի միջեւ մայիսի 18-ից կդադարեցվի երկաթուղային ուղեւորատար հաղորդակցությունը։ Այս մասին հայտնել է էստոնական GoRail ընկերությունը։

«Մասնավոր ընկերության  համար միայն սեփական միջոցների հաշվին այդ ուղղությամբ երկաթուղու գործարկումը հնարավոր չէ տնտեսական պատճառներով»,-հայտարարել է GoRail-ի տնօրեն Ալար Պինսելը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Տալինից Մոսկվա վերջին գնացքը կուղեւորվի այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 19.10-ին, իսկ Մոսկվայից Տալին՝ մայիսի 18-ին, ժամը 18.05-ին, հաղորդել են ընկերությունից։

Մայիսի 11-ին ընկերությունը դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Տալին-Սանկտ Պետերբուրգ հատվածում՝ դա բացատրելով «հասարակական քաղաքական մթնոլորտով»։