Հայաստանի վաղաժամկետ պայմանական ազատման համակարգը բարեփոխումների կարիք ունի։ Այս մասին մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։

Պարզաբանելով կարծիքն առ այն, որ հարցը քաղաքական դրդապատճառներ ունի, նախարարը նշեց, որ, հաշվի առնելով խնդրի կարեւորության աստիճանը, հատկապես ցմահ ազատազրկման դատապարտվածների նկատմամբ, հարցը լուծելու են երկրի իշխանությունները, եւ հետեւաբար, քաղաքական լուծում է պետք։

Նախարարի խոսքով՝ վաղաժամկետ պայմանական ազատման խնդիրը վաղուց է հուզում  հանրությանը եւ պետական պատկան մարմիններին։ Նա հիշեցրեց, որ վաղաժամկետ պայմանական ազատումը կարեւոր գործիք է, որը բանտարկյալներին ստիպում է իրենց ավելի լավ պահել։ Նախարարը նշեց, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին քննարկումներ են անցկացրել, որոնց արդյունքում որոշակի օրենսդրական առաջարկներ են հնչել։ Նախարարը չնշեց կոնկրետ առաջարկները՝ հայտարարելով, թե դեռեւս վաղ է։

«Սակայն բարեփոխումների անհրաժեշտությունը արդիական է։ Դա հասկանում է հասարակական սեկտորը, եւ դա համապատասխանում է պետության շահերին»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ցմահ ազատազրկված բանտարկյալների մասով հարցը պետք է դիտարկել օրենսդրական բարեփոխումների ենթատեքստում։