ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կիսում է բանտարկյալների սննդի եւ բուժման հարցով ՀԿ-ների եւ օմբուդսմենի մտահոգությունը։

Մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշեց, որ հայտնաբերված խախտումները  կրում են ինչպես համակարգային, այնպես էլ իրավիճակային  բնույթ։ Միաժամանակ նախարարը չի համաձայնել, որ իրավիճակը ողբալի է եւ ավելի վատ վիճակում է գտնվում, քան  մեկ տարի առաջ։

Նրա խոսքով՝ բանտարկյալների բուժման կազմակերպման հարցերում խնդիրներ կան ինչպես «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, այնպես էլ մյուս ՔԿՀ-ների մոտ։ Դրա պատճառներից մեկը  կադրերի պակասն է։ Սակայն, ինչպես նշեց նախարարը, փորձեր են ձեռնարկվում հարցը եվրոպացի գործընկերների օգնությամբ լուծելու ուղղությամբ։  Նախաձեռնվել է ծրագիր, որն ուղղված է բժշկական մասի տեխնիկական վերազինման եւ արդիականացմանը։

Հովհաննես Մանուկյանը փաստեց, որ սնունդը նույնպես բարդ թեմա է, եւ այստեղ նույնպես լուծումներ եւ շահերի ճիշտ բալանս են պետք։ «Ես ինքս անսպասելի ստուգումներ եմ անցկացրել։ Սնունդը ուտելի է, թեպետ կարծում եմ, որ կարելի է իրավիճակը  ավելի բարելավել»։

Անդրադառնալով ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությանը՝ նախարարը նշեց, որ արդեն շահագործման են հանձնել «Արմավիր» նոր ՔԿՀ-ի մի մասը, որը տեղավորում է 400 մարդ, իսկ մինչեւ տարվա վերջ պլանավորվում է շահագործման հանհձնել եւ մյուս մասը, որը նախատեսված է 800 մարդու համար։

Ինչ վերաբերում է նրան, թե պետք է արդյոք բանտերի ծանրաբեռնվածության պատճառով համաներում հայտարարել, նախարարը ընդգծեց, որ հարցի ձեւակերպումը սխալ է ։ «Համաներումը ՔԿՀ-ները թեթեւացնելու գործիք չէ։ Նման մոտեցումը առաջ կբերի եւ այլ խնդիրներ»,- ընդգծեց Մանուկյանը։