ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, 73-ամյա Գոհար Ենոքյանը ուրախ է, որ վերջապես արդարությունը հաղթանակել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գոհար Ենոքյանը:

Նա նշեց, որ իր առողջական վիճակը կամաց-կամաց շտկվում է, իսկ արդարության վերականգնվելուց հետո ավելի արագ կապաքինվի: Իսկ թե ինչը դեր խաղաց, որ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել, նա նշեց հետեւյալը. «Ոչ մի բանը դեր չխաղաց, արդարությունը, իմ մաքուր լինելը բացարձակ այդ խաղերի մեջ չմտնելը, գաղափար չկազմելը: Ի սկզբանե գիտեի, որ սա սարքած շանտաժ է, սպասում էի, որ կամաց-կամաց  հարթվի, որովհետեւ հնարավոր չէ, վերեւը Աստված կա, թույլ չի տա, որ այս աստիճանի շանտաժը անցնի, ստոր մարդիկ իրենց ուզածին հասնեն: Ճիշտ է՝ մեր երկրում չափից շատ արդար մարդիկ նստած են, բայց ես չէի հավատում, որ էս աստիճանի անարդարությունը գլուխ կբարձրացնի»:

Դիտարկմանը, թե ձերբակալելիս եւ մեղադրանք առաջադրելիս չէին տեսնում, որ հիմքեր չկան,նախկին պատգամավորն ասաց, որ «երեւի իրենք իրենց ներքին աշխարհի սպասելիքներն ունեն, հաշվարկներ էին արել, բայց սխալվեցին իրենց հաշվարկների մեջ»: «Ես էն մարդը չէի, որ թողնեի ճիշտը սարքեին սուտ, ճշմարտությունը պետք է հաղթի, ես մինչեւ վերջ կանգնել եմ, ապացուցել,  որ ոչ մի բան չկա, որեւէ հիմք չկա ինձ մեղադրելու համար»,-ասաց նա:

Գոհար Ենոքյանը չցանկացավ բացել փակագծերը եւ հայտնել, թե ում է կասկածում շանտաժում, նա միայն նշեց, որ շուտով իր հարցերը կլուծի, պատիվ էլ կպահանջի, իր անելիքը գիտի եւ կանի, բայց առայժմ չի բարձրաձայնի, երբ ժամանակը գա, բոլորը կիմանան այդ մասին:

Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում գտնվող իր ազգականին, Գոհար Ենոքյանն ասաց, որ փաստաբանը հայտնել էր, որ առանց որեւէ ապացույցի մեկ տարուց ավել չեն կարող պահել մարդու, շուտով կլրանա նրա կալանքի մեկ տարին, ուստի՝ հնարավոր է նրան ազատ արձակեն:

Փաստաբան Գեղամ Հակոբյանից էլ տեղեկացանք, որ Գոհար Ենոքյանի եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի մասով միջնորդություն են ներկայացրել, որը դեռ չի քննարկվել, ենթադրում են, որ այս դեպքում եւս դրական լուծում կլինի:

Նշենք, որ Գոհար Ենոքյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-րդ, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ըստ նախաքննական մարմնի՝ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ Խաժակ  Բադալյանի միջոցով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանից («Յուվեցի Կարո») վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով  կատարել է Կարո Կարապետյանին կյանքից դիտավորությամբ զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն դա ավարտին չի հասցրել: