Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանը մոտ է չարորակ ուռուցքից ազատվելուն: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը, որը նաեւ հանդես եկավ մեկամյա զեկույցով՝ նշելով, որ իր մեկամյա պաշտոնակատարության ընթացքում ավելի շատ բան է արվել, քան տասը տարիների ընթացքում:

«Պոլիտեխնիկը օրգանիզմ է եւ նա նույնպես զերծ չի մնում հիվանդություններից: Այդ հիվանդությունը հնարավոր չէ արմատախիլ անել առանց աղմուկի: Եթե այդ մաքրումն իմ անձի միջոցով նույնիսկ արվի, ես դրան էլ եմ պատրաստ»,- ասաց ռեկտորը:

Հովհաննես Թոքմաջյանը համաձայնեց ԳԹԿ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարության հետ, որ անհրաժեշտ է պոլիտեխնիկ համալսարանում բարձրացնել կրթության որակը եւ վերականգնել նախկին մթնոլորտը:

«Այո, պետք է վերականգնենք նախկին մթնոլորտը: Այստեղ տեղ չունեն Կիրակոսյանների, Խոյեցյանների եւ Խաչատրյանների նմանները:Ափսոսում եմ, որ իմ ընկեր Աշոտյանի վերաբերմունքը փոխվել է իմ նկատմամբ, բայց ցավում եմ, որ նա ապատեղեկացված է եւ ծանոթ չէ մանրամասներին»,- նշեց Թոքմաջյանը:

ԵՊՃՀ ռեկտորի խոսքով՝ առաջիկա ընտրություններում հաղթելու իր շանսերը մեծ են, քանի որ իրեն աջակցում են ներքին խորհուրդի գերակշիռ մասը:

«Եթե շանսեր չունենայի չէի առաջադրվի: Ես իմ շանսերը բարձր եմ գնահատում:  Անկախ ընտրությունների արդյունքների ես եւ պոլիտեխնիկի անձնակազմն արդեն հաղթել ենք, եթե նույնիսկ ես չընտրվեմ, միեւնույն է, արդեն հաղթել եմ: Ընտրություններին կհավաքեմ այնքան ձայն, ինչքան պետք է»,- վստահություն հայտնեց սկանդալային ռեկտորը:

Նշենք, որ Հովհաննես Թոքմաջյանը իր զեկույցում բացի պոլիտեխնիկի նվաճումների եւ խնդիրների մասին խոսելիս, անդրադարձավ նաեւ իր անվան շուրջ բարձրացրած հայտնի սեքս սկանդալին:

Հրապարակվեց մի տեսանյութ, որով, ըստ ռեկտորի, երեւում են, թե ովքեր են ներխուժել իր ֆեյսբուքյան անձնական էջ, ապա հրապարակել սկանդալային տեքստը: Թոքմաջյանին սատարղները տեսանյութը դիտելիս բարձրաձայն արձանագրում էին՝ «Վլադիմիրն է, Վահեն է», որոնց հեռացումը ռեկտորի խոսքով՝ կապված է ոչ թե այս պատմության, այլ համալսարանից գումար կորզելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու հետ:

Թոքմաջյանը վստահեցրեց, որ իր անվան շուրջ սեքս սկանդալը ձեռնատու էր շատերին:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու է այդ տեսանյութը հենց ընտրություններից առաջ հրապարակվում, ոչ թե ավելի վաղ, Հովհաննես Թոքմաջյանը վստահեցրեց, որ ինքը իր կենսագրությունը մաքրելու խնդիր չունի, այլ ցանկանում է վերջ դնել պոլիտեխնիկի շուրջ բարձրացած աղմուկին:

Հովհաննես Թոքմաջյանը չկիսեց լրագրողների այն համոզմունքը, թե իշխանությունները պաշտպանելու են ռեկտորի մյուս թեկնածու Ոստանիկ Մարուխյանի թեկնածությունը, եւ եւս մեկ անգամ վստահեցրեց, որ ընտրություններում հաղթելու իր շանսերը մեծ են: