Ռուսաստանի կառավարության այսօր` օգոստոսի 5-ին կայացրած որոշումից հետո, որով մինչեւ տարեվերջ արգելափակել է ցորենի արտահանումը երկրից, համաշխարհային շուկայում իսկական խուճապ է առաջացրել: Փարիզի եւ Չիկագոյի բորսաներում ցորենի մեկ տոննայի գինը բարձրացել է մինչեւ 290 դոլար մեկ տոննայի համար, ինչը մոտ 50 տոկոսով ավելի բարձր է, քան երկու օր առաջ:
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը պարզաբանել է, որ մտցրած արգելքը ժամանակավոր բնույթ կունենա, իսկ նրա մամուլի խոսնակի խոսքով, հացահատիկի արտահանման նկատմամբ սահմանված արգելքը ուժի մեջ կմտնի օգոստոսի 15-ից եւ կտեւի մինչեւ տարեվերջ:
Ռուսաստանը հացահատիկի արտահանմամբ 4 տեղն է զբաղեցնում աշխարհում, ԱՄՆ-ի Եվրամիության եւ Կանադայից հետո: Ռուսական ցորենի հիմնական գնորդներն են Եգիպտասը, Լիբիան, Սիրիան , Հայաստանը: Մասնավորապես, Հայաստանը տարեկան ՌԴ-ից ներկրում է 300-400 հազար տոննա հացահատիկ:
Ավելի վաղ, NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի եվրոպական հատվածում մեկ ամսից ավելի տեւող երաշտը վնասել է ավելի քան 27 շրջաններ, որտեղ նաեւ արտակարգ դրություն է մտցվել։ ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը քչացրել է հացահատիկի բերքի կանխագուշակման թվերը 90 մլն-ից հասցնելով 70-50 տոննայի:




























