Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի (ԵՀ) անդամ, ԵՄ Տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչի հետ:

Հանդիպմանը եվրոպական կողմից մասնակցել են նաեւ Եվրոպական Հանձնաժողովի Շարժունակության եւ տրանսպորտի Գլխավոր տնօրինության տնօրեն Ժոաո Ագիար Մաչադոն, իսկ հայկական կողմից` Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը եւ ԵՄ-ում ՀՀ առեւտրական կցորդ Վարոս Սիմոնյանը:

Նախարար Ճշմարիտյանը կարեւորել է ընթացիկ տարվա փետրվարին ԵՀ Շարժունակության եւ տրանսպորտի Գլխավոր տնօրինության փաստահավաք առաքելության այցը Հայաստան, որի ընթացքում քննարկվել եւ ճշգրտվել են բանակցությունների մեկնարկին առնչվող որոշ մասնագիտական եւ տեխնիկական հարցեր: Այնուհետեւ զրույցի ընթացքում նշվել է, որ անհրաժեշտ է հստակեցնել բանակցությունների մեկնարկին առնչվող կոնկրետ ժամկետները: Հանձնակատար Վիոլետա Բուլչը տեղեկացրել է, որ որ Հայաստանը Չինաստանի, Պարսից Ծոցի որոշ երկրների հետ ընդգրկված է առաջնային երկրների շարքում եւ Հայաստանի մանդատի հարցը ներառված է ավիացիայի վերաբերյալ ԵՄ նոր փաթեթում, որի մեկնարկը նախատեսվում է ս.թ նոյեմբերին:

Քննարկման ընթացքում երկուստեք հատուկ կարեւորվել է այն հանգամանքը, որ նախարար Ճշմարիտյանի եւ հանձնակատար Բուլչի միջեւ 2014թ. դեկտեմբերին կայացած նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործվել են, հատկապես փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցը եւ բանակցային գործընթացին առնչվող որոշակի տեխնիկական հարցերի ճշգրտումը: ԵՄ-ՀՀ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեւավորել մասնագիտական տեխնիկական խմբեր:

Նախարար Ճշմարիտյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի փորձը կարելի է դիտարկել որպես հաջող օրինակ, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, շարունակում է ակտիվորեն համագործակցել Եվրամիության, ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների հետ: Որպես ասվածի վկայություն` մատնանշվել է ԱՄՆ-ի եւ ՀՀ միջեւ արդեն իսկ ստորագրված Առեւտրի եւ ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայմնագիրը, ՀՀ-ԵՄ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ապագա ձեւաչափի եւ իրավական շրջանակների հստակեցմանն ուղղված բանակցային գործընթացը եւ ԵՄ-ՀՀ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի գործընթացը:

Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ԵՄ Տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչին հրավիրել է Հայաստան: Հանձնակատարը ոգեւորությամբ ընդունել է հրավերը եւ, որպես հնարավոր իրատեսական ժամկետ, նախանշել 2016 թվականի հունիսը: