Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հաստատել է Սեւ ծովի շուրջ օղակաձեւ ավտոմայրուղու համակարգված զարգացման մասին հուշագրի նախագիծը եւ օրինագիծը ներկաայցրել Պետդումայի քննարկմանը:

Հիշեցնենք, որ «Սեւծովյան օղակ» (HWBSR) նախագիծը նախատեսում է Սեւ ծովի ողջ ափով բարձր թողունակությամբ, մոտ 7140 կմ երկարությամբ մայրուղու կառուցում: Մայրուղին բաղկացած է լինելու երկու, ֆիզիկապես իրարից անջատ հատվածներից, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է նվազագույնը երկու երթուղագիծ:

Նախագիծը պատրաստվել է Ռուսաստանի կողմից՝ 2006թ.-ին եւ ներկայացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից-երկրներին: 2007թ. Բելգրադում 12 մասնակից-երկրները համաձայնագիր են ստորագրել, իսկ անցած տարվա աշնանը համաձայնագիրը մտել է ուժի մեջ: Հատկանշական է, որ Ադրբեջանից «Սեւծովյան օղակ»-ով ճանապարհն անցնում է Հայաստանով: Երկու երկրներն էլ ՍԾՏՀ անդամներ են:

Ճանապարհն իրար է միացնում Թուրքիան, Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ռումինիան եւ Բուլղարինա: Նախագծով նախատեսվում է մեկից ավելի ճյուղավորում, ինչի արդյունքում «Սեւծովյան օղակին» կմիանան Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, եւ Սերբիան: