Հունիսի 17-ին ԱՄՆ ՄԶԳ-ն նշեց Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: Համայնքային միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտնօրեն Ջոնաթան Կացը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Հարթավանի գյուղապետ Ժիրայր Ավետիսյանը, համայնքի անդամներ եւ գործընկերներ: Միջոցառման ընթացքում մասնակիցները դիտեցին գյուղում նոր տեղադրված պոմպակայանը եւ ջրամատակարարման ցանցը եւ հանդիպեցին ծրագրի շահառուներին:
Մինչեւ ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրն սկսելը, Հարթավան գյուղում չի եղել ապահով եւ հուսալի ջրամատակարարում: Գյուղը հիմնականում սնվել է սեզոնային աղբյուրներից եւ պաշտպանված չի եղել հնարավոր աղտոտումից: Գյուղի ջրամատակարարման միակ եւ հուսալի աղբյուր էր հանդիսանում Ապարան-Երեւան ջրագծին միացած փոքր եւ հին պոմպակայանը: Ոչ բարվոք վիճակում էր գտնվում նաեւ Հարթավանի ջրամատակարարման ներքին ցանցը: Ցանցում չէր իրականացվում ջրաչափում, իսկ հոսակորուստները շատ բարձր էին՝ ավելի քան 80 %: Ջրամատակարարումն իրականացվում էր ժամային գրաֆիկով (օրական 2-3 ժամ), եւ բարձր էր ջրամատակարարման համակարգի միջոցով տարածվող հիվանդությունների ռիսկը:
ԱՄՆ ՄԶԳ-ն զգալիորեն բարելավել է Հարթավանի գոյություն ունեցող ջրամատակարարման համակարգը, որի արդյունքում գյուղացիական բոլոր տնտեսություններն ունեն շուրջօրյա քլորացված, անվտանգ ջրամատակարարում: Գյուղի բոլոր տնտեսություններում ջրաչափերի տեղադրման շնորհիվ ավելի ճշգրտորեն է կատարվում ջրի ծախսի հաշվարկը: ՄԷՋԾ-ն գյուղապետարանին տրամադրել է նոր համակարգչային ծրագիր, որը նրանց կօգնի ջրի վարձերի հաշվարկման եւ հավաքման գործում: Արդյունքում գրեթե կրկնապատկվել է ջրամատակարարման ծառայություններից ստացվող տեղական բյուջեի եկամուտը, եւ ակնկալվում է, որ համակարգի աշխատանքի արդյունավետության շնորհիվ համայնքը տարեկան կխնայի մոտ 23,360 խորանարդ մետր ջուր եւ 17,280 կվտժ էլեկտրաէներգիա:
2011 թվականից ի վեր, Հայաստանի վեց մարզերի խոցելի համայնքների մոտ 50,000 բնակիչ օգտվել է ԱՄՆՄԶԳ –ի շնորհիվ հնարավոր դարձած արդյունավետ էներգամատակարարման եւ ջրամատակարարման ծառայություններից: Գյուղական համայնքների ենթակառուցվածքների բարելավման ընթացքում ԱՄՆՄԶԳ-ն նաեւ տալիս է ժամանակակից եւ էներգաարդյունավետ լուծումներ փողոցային լուսավորության, ջեռուցման եւ ջրամատակարարման հարցերին՝ լրացուցիչ խնայողությունների հնարավորություն տալով համայնքներին:





























