Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Հայոց մարդասիրական ճեմարանի հայ ուսանողների կողմից հայտարարված հացադուլի պատճառը ճեմարանի երկու անկարգապահ ուսանողների հեռացումն է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նա նշեց, որ Մայր Աթոռից այժմ պատվիրակ է գտնվում Կալկաթայում՝ Տեր Կտրիճ քահանա Դեւեջյանը, ով աշխատանք է տանում, որպեսզի իրավիճակը հարթվի: Իսկ թե հատկապես ի՞նչ արաք են թույլ տվել ուսանողները՝ Տեր Վահրամը այդպես էլ  չմանրամասնեց՝ միայն նշելով. «Տեսչության հանդեպ նրանց թույլ տված պահվածքն անընդունելի է եղել, որով նրանք ամբողջ ճեմարանական կյանքը խաթարել եւ ալեկոծել են»:

Երկու ուսանողներն էլ Հայաստանից են՝ Կարեն Մկրտչյանն  ու Անդրանիկ Գեւորգյանը: «Ուսանողները երկու տարի առաջ ավարտել են Հայոց Մարդասիրական ճեմարանը, եւ Կալկաթայի եկեղեցական  վարչությանը շարունակում էր հովանավորել նրանց, որպեսզի նրանք իրենց կրթությունը շարունակեն Կալկաթայի բարձրագույն դպրոցներում: Ուստի եւ, նրանք ճեմարանի իրավասության ներքո չեն գտնվել, պարզապես նրանք բնակվել եւ սնվել են ճեմարանում: Եւ իրենց այդ անկարգապահ ընթացքը պատճառ է հանդիսացել, որ եկեղեցական վարչությունը դադարեցնի նրանց հովանավորությունը»: Եւ քանի որ եկեղեցին այլեւս չի հովանավորում նշված երկու ուսանողներին, նրանք պետք է վերադառնան Հայաստան: Նշենք, որ օրեր առաջ Կալկաթայում ուսանող մի խումբ հայ ճեմարանականների ծնողները դիմել են Մայր Աթոռ՝ պարզելու՝ ինչ է կատարվում Կալկաթայում, ինչից հետո Մայր Աթոռը պատվիրակ է ուղարկել Կալկաթա:   

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ից Կալկաթայի մարդասիրական ճեմարանի ուսանողները եռօրյա հացադուլ էին հայտարարել՝ ընդդեմ Հայկական քոլեջի եւ Մարդասիրական ճեմարանի: Ինչպես գրում է telegraphindia.com կայքը, ողջ աշխարհից այստեղ ժամանած 80 ուսանողներից 35-ը, ովքեր այժմ ապրում են ակադեմիայի հանրակացարանում, հրաժարվել են ուտել` պնդելով, որ նրանք ստիպված են սովորել «երկրորդ կարգի» հաստատություններում, քանի որ ղեկավարությունը չի ֆինանսավորում իրենց կրթությունը՝ ինչպես հարկն է: Հայկական քոլեջը եւ Մարդասիրական ճեմարանը, որը հիմնադրվել է 1821-ին, անվճար կրթություն են տրամադրում հայ երեխաներին՝ մինչեւ 10-րդ դասարան եւ նաեւ դրամական միջոցներ համայնքի ուսանողներին՝ պետական քոլեջում կրթության համար: