ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը օգոստոսի 18-ին ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը դեսպանին է ներկայացրել ոլորտում իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման նախագծերը: Գ.Սարգսյանը նշել է նաեւ, որ վերջերս ՀՀ կառավարության որոշմամաբ ստեղծված է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը, որը կզբաղվի «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցմանն առնչվող բոլոր հարցերով: Դեսպանը տեղեկացրել է, որ Իտալիայում կան երկաթուղու եւ ճանապարհների շինարարության ոլորտում մասնագիտացված հայտնի ընկերություններ, որոնք կարող են իրենց մասնակցությունն ունենալ նշված նախագծերի իրականացմանը:

Դեսպանը հետաքրքրվել է նաեւ Հայաստանի հեռուստատեսության թվայնացման գործընթացով: Ըստ նրա, քանի որ Իտալիան վերջերս է ամբողջությամբ անցել թվայնացման, ուստի այդ փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: