Հայաստանի նոր ատոմակայանի ճակատագիրը մնում է անորոշ, թեեւ Հայաստանի կառավարությունը անցյալ շաբաթ հաստատեց Ռուսաստանի կառավարության հետ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համաձայնագիրը։ Հիմնական՝ ֆինանսավորման հարցը մնում է չլուծված։ Համաձայնագրում կա մի այսպիսի կետ՝ ռուսական ներդրումները կհամապատասխանեն նրան, թե որքանով նոր ատոմակայանի սեփականատիրոջ՝ «Մեծամորէներգոատոմ»-ում մասնաբաժին կունենան ռուսական ընկերությունները։ Այլկերպ ասած, եթե մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը 100 տոկոսով ֆինանսավորի նոր միջուկային էներգաբլոկը, պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ այդ էներգաբլոկը 100 տոկոսով հենց Ռուսաստանին էլ պատկանելու է։ Սակայն Հայաստանի կառավարությունն իրեն մանեւրելու տեղ է թողել եւ դեռ հույս ունի, որ կկարողանա ատոմայականի կառուցման նպատակով միջազգային կոնսորցիում ձեւավորել։
Բայց այդ հույսերն այնքան էլ իրականանալի չեն թվում։ Այդ է ցույց տալիս Բուլղարիայի «Բելենե» ատոմակայանի կառուցման փորձը։ Հիշեցնենք, որ այդ ատոմակայանի կառուցման միջազգային մրցույթում հաղթեց ռուսական «Ատոմստրոյէքսպորտը»՝ գերմանա-ֆրանսիական Carsib (Areva-Siemens) կորպորացիայի հետ համատեղ։ Այս կոնսորցիումի իմաստն այն էր, որ միջուկային էներգաբլոկի կղզյակը կառուցվելու էր ռուսական տեխնոլոգիայով, իսկ ավտոմատ համակարգերը լինելու էին եվրոպական։ Սակայն Բուլղարիայի կառավարությունը մոտ 2 ամիս առաջ սառեցրեց «Բելենեյի» ատոմակայանի շինարարությունը այն բանից հետո, երբ գերմանական RWE ընկերությունը դուրս եկավ ծրագրից՝ իր բաժնետոմսերի փաթեթը (49 տոկոս) հանձնելով Բուլղարիայի կառավարությանը։ Այսպիսով՝ նույնիսկ այնպիսի ավելի բարեկեցիկ երկիր, ինչպիսին Բուլղարիան է, միջազգային ներդրողներ ներգրավելու առումով կանգնեց լրջագույն խնդրի առջեւ։
Ատոմակայանի կառուցման նպատակով միջազգային մրցույթների կազմակերպումը սովորական բան է, սակայն երկրները այդ ընթացքում կարող են միանգամայն տարբեր ներդրումային ռազմավարություն վարել։ Մրցույթ հայտարարող երկիրը կարող է ֆինանսավորումը 100 տոկոսով վերցնել իր վրա, կարող է մասամբ «կիսվել» օտարերկրյա ներդրողների հետ (բուլղարական տարբերակ), կարող է վերջապես ֆինանսավորման բոլոր հարցերը լուծել մրցույթը հաղթած կազմակերպության հետ (թուրքական տարբերակ)։
Հայաստանը փաստորեն փորձում էր ընթանալ բուլղարական սցենարով՝ ձեւավորել միջազգային կոնսորցիում՝ առանձնացնելով ներդրողներին եւ կապալառուին։ Երեւանն այդ նպատակով ներգրավեց նույնիսկ ավստրալիական WorleyParsons Europe Energy Services Limited ընկերությանը, որի հիմնական առաքելությունը հենց միջազգային մրցույթի կազմակերպումն էր։ Բայց այնպիսի ծրագրում, որի արժեքը մոտ 5,5 մլրդ դոլար է, ներդրողներ գտնելն այնքան էլ հեշտ չէ։ Անգամ եթե դրանք գտնվում էլ են, երաշխիք չկա որ մի գեղեցիկ օր ծրագրից դուրս չեն գա։
Եթե անկեղծ լինենք՝ բուլղարական սցենարը Հայաստանի համար ի սկզբանե դատապարտված էր ձախողման։ Թեեւ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը որոշ առեւտրային հետաքրքրություն է ներկայացնում, բայց տարածաշրջանի քաղաքական իրավիճակը չափազանց հեղհեղուկ է եւ միջազգային ներդրողների համար գրավիչ չի դարձնում նման երկարաժամկետ ռազմավարական նախագծերը։
Այսպես, թե այնպես՝ մեր կառավարությունը ատոմակայանի կառուցումը որոշեց առաջ տանել միջկառավարական համաձայնագրի միջոցով, չսպասելով մրցույթի ավարտին եւ կոնսորցիումի ձեւավորմանը։ Սա մոտ է թուրքական սցենարին։ Նշենք, որ Թուրքիայում մրցույթ անցկացրեցին, բայց գերադասեցին կոնսորցիում ձեւավորելու փոխարեն միջկառավարական համաձայնագիր կնքել։ Թուրք-ռուսական համաձայնագիրը նոր ատոմակայանի կառուցման հարցում կարելի է նույնիսկ օրինակելի համարել։ Անկարան շատ ավելի ուշ սկսեց նոր ատոմակայանի կառուցման ծրագիրը, սակայն շատ ավելի մոտ է դրա իրագործմանը։ Միջազգային մրցույթը Թուրքիայում հայտարարվեց 2008 թ. աշնանը, 2009 թ. հաղթող ճանաչվեց ռուս-թուրքական համատեղ ձեռնարկությունը (նրա կազմում էին «Ատոմստրոյէքսպորտը», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը եւ թուրքական Park Teknik-ը), իսկ 2010 թ. մայիսին Անկարայում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները ստորագրեցին համաձայնագիրը։ Այս համաձայնագրի առավելությունն այն է, որ որեւէ չհամաձայնեցված կետ գոյություն չունի։ Թուրքական կողմը որեւէ ներդրում չի անելու՝ ծրագիրը ամբողջությամբ ֆինանսավորվելու է Ռուսաստանի կողմից։ Ռուսական ներդրումները հետ են վերադարձվելու ատոմակայանի վաճառած էլեկտրաէներգիայի հաշվին։ Գործնականում՝ իդեալական ծրագիր է եւ փոխադարձաբար շահավետ։
Ռուսաստանն իր վրա է վերցրել նաեւ ուկրաինական Խմելնիցկու ատոմակայանի 2 էներգաբլոկների կառուցումը ավարտին հասցնելու ֆինանսավորումը։ Այս դեպքում ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ միջազգային մրցույթ չի հայտարարվում, Ուկրաինան պարզապես մի քանի միլիարդ դոլարի վարկ կստանա։
Եթե հավատանք Հայաստանի էներգետիկայի նախարարի հայտարարություններին՝ նոր ատոմակայանի հանդեպ միջազգային ներդրողների կողմից հետաքրքրության պակաս չկա։ Բայց ամեն ինչ գնում է նրան, որ նոր ատոմակայանի կառուցումն ամբողջովին իրականացվելու է ռուսական տեխնոլոգիաներով։ Իսկ կոնսորցիումի իմաստն այն էր, որ միայն ռեակտորն է լինելու ռուսական, իսկ տուրբինները եւ ավտոմատ համակարգերը պետք է եվրոպական կամ ամերիկյան լինեին։ Ռուս-հայկական համաձայնագիրը կազմված է այնպես, որ կոնսորցիումի ձեւավորման հավանականությունը չի բացառվում, սակայն այն շտապողականությունը, որ դրսեւորում են կողմերը, ցույց է տալիս, որ դրա հավանականությունը մեծ չէ։
Սամվել Ավագյան



























