ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` օգոստոսի 9-ին այցելել է Գեղարքունիքի մարզ, եղել «Սեւան-Հրազդան կասկադի»  Սեւան ՀԷԿ-ի ջրընդունիչ հանգույցի ձկնորսիչ կառույցում` այստեղ  իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

Նրան ուղեկցել են ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը,  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահվերդյանը եւ  «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲ ընկերության  գլխավոր տնօրեն Մելս Հակոբյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից, Սեւանա  լճի մակարդակի  բարձրացմամբ պայմանավորված`  ձկնորսիչ կառույցում ընթանում են կառույցի պատնեշների բարձրացման աշխատանքներ, որի իրականացման համար  «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությունը ներգրավել է  վարկային միջոցներ:

Փոխվարչապետին  տեղեկացրել են, որ աշխատանքներն ընթանում են առանց թերությունների եւ առաջիկայում կավարտվեն: