Քանի դեռ հայ ազգը կա` իր Հայ դատով ու կենսագրությամբ, Սեւրի դաշնագիրը միշտ ակտուալ է լինելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը: «Պետք է ասել, որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հայտնի իրավարար վճռից հետո չկա որեւէ միջազգային փաստաթուղթ Հայաստանի մասով, որը հակասի այդ իրավարար վճռին:

Ընդհակառակը՝ միակ եւ թերեւս ամենահայտնի  փաստաթուղթը  դա հենց Սեւրի դաշնագիրն է, որը փաստաթղթային տեսքի է բերում Վիլսոնի  իրավարար վճռի ողջ փիլիսոփայությունը»,-նշեց Հակոբյանը: Նրա խոսքով՝ Կոսովոյի հետ կապված վերջին զարգացումները (Հաագայի դատարանի որոշումը) ցույց են տալիս, որ միջազգային իրավունքը ձեւավորվում է նախադեպերի միջոցով, որոնք հետագայում լուրջ ազդեցություն են ունենում  պետաիրավական հարաբերությունների ձեւավորման վրա: «Եւ որքան էլ Սեւրի դաշնագիրն այսօր ոչ պրագմատիկ թվա, այն իր նշանակալի ազդեցությունն է ունենալու հայ ազգի ճակատագրի վրա:

Այնպես որ, 90 տարվա վաղեմությունը չի ենթադրում, որ Սեւրի դաշնագիրը կարող  է այլեւս նշանակություն չունենալ»,-նկատեց Հակոբյանը: Նրա կարծիքով՝ Կոսովոն դեռ իր խոսքն ասելու է միջազգային պրակտիկայում եւ լուրջ ճանապարհ է բացելու այլ երկրների համար եւս: «Այդ ավանդույթները ձեւավորվում են  մեծ, օրինակ համաշխարհային պատերազմներին հաջորդող պահերին, կոնկրետ միջազգային դեպքերից հետո: Այնպես որ, ես հույս ունեմ, որ առաջիկայում էլ մի հնարավոր միջավայր կձեւավորվի: Սակայն  պետք է ոչ թե սպասել, այլ նաեւ գործել: Ինչքան էլ այսօր քաղաքագիտական միտքը ցանկանում է, սակայն չի  կարողանում միջազգային հանրությանը պարզաբանել, թե ինչու Կոսովոյի դեպքում անկախանալը եւ ինքնորոշումը իրավական է ու հնարավոր, իսկ Ղարաբաղի դեպքում՝ ոչ: Այնպես որ, պետք է աշխատել նաեւ այդ ուղղությամբ՝ Կոսովոյի նախադեպը դարձնելով ելակետ»,-նկատեց Հակոբյանը:  

Նշենք, որ օգոստոսի 10-ին կլրանա Սեւրի պայմանագրի կնքման 90-րդ տարին: Ըստ այդ պայմանագրի, Թուրքիան պարտավորվել էր Հայաստանին վերադարձնել պատմական Հայաստանի մի մասը`100.000 քմ տարածքով, որը Հայաստանի առաջին Հանրապետության տարածքի հետ կկազմեր 160.000 քմ: Պայմանագրով Հայաստանը ունենալու էր ելք դեպի ծով: Սակայն մեծ տերությունների քմահաճույքների զոհը դարձավ նաեւ այդ պայմանագիրը: