Հեղեղումների հետեւանքով դադարեցվել է Սոչիի «Ադլեր» օդանավակայանի աշխատանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Սոչիի հայերի միություն» կազմակերպության նախագահ Վալերի Թորոսյանը:
Նրա խոսքով, Ադլերի շրջանի եւ Կուդեպստա ավանի ավելի քան 100 տների բնակիչների դեռեւս տարհանում են: Հեղեղվել է նաեւ Օլիմպիական զբոսայգին եւ առափյնա գիծը: Ներկայում հեղեղը դադարել է:
«Դագոմիսում նույնպես հաղորդակցությունը կաթվածահար է: Ադլերից գնացքներն ուղեւորվում են ուշացումով, կաթվածահար է Ադլերի եւ Սոչիի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը»,- նշեց Վալերի Թորոսյանը:
Հասցված վնասը դեռեւս հաշվարկվում է, պաշտոնական թվեր առայժմ չկան: «Մի քանի ժամվա ընթացքում սահմանվել է տեղումների ամսական նորման: Քաղաքապետի հաղորդած վերջին տեղեկություններով, իշխանությունները վերահսկում են իրավիճակը»,- ամփոփեց «Սոչիի հայերի միության» նախագահը:
Հիշեցնենք, որ Ադլերի շրջանում եւ Կուդեպստա ավանում հեղեղումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:





























