Հունիսի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի դեսպանին հանդիպման համար` նշելով, որ կցանկանար դիմավորել նրան, այլ ոչ թե հրաժեշտ տալ: Նա ընդգծել է, որ ԳԴՀ դեսպանատան աշխատանքը մեծապես նպաստել է երկու երկրների միջեւ ավելի սերտ հարաբերություններին` ստեղծելով լավ հիմքեր համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու համար: Այս առումով էկոնոմիկայի նախարարը կարեւորել է դեսպանի դերը, առանձնացնելով նրա մշտապես հավասարակշռված, ապագային միտված, քաղաքական եւ տնտեսական տեսանկյունից մասնագիտական եւ իրատեսական հայտարարությունները, բոլոր հարցերում ցուցաբերած կոնստրուկտիվ մոտեցումը, ինչը լավ հիմք է եղել առաջ գնալու եւ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարեւոր ոլորտներում:
Կարեն Ճշմարիտյանն առավել նպատակահարմար է համարել ապագա համագործակցության խորացումը հատկապես տնտեսական հարցերում, մասնավորապես հետեւյալ ուղղություններով.
- ներդրումային ոլորտում` նշելով, որ գերմանական կազմակերպությունները կարող են օգտագործել Հայաստանի ազատ տնտեսական գոտիների հնարավորությունները ԵԱՏՄ, ԱՊՀ, Մերձավոր Արեւելքի, Վրաստանի եւ Իրանի շուկաներ դուրս գալու համար,
- քաղաքացիական ավիացիայի ոլորտում` նշելով, որ ՀՀ կառավարության կողմից որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականությունը լուրջ խթան է գերմանական ընկերությունների համար ավելի անարգել չվերթեր իրականացնելու համար:
ԳԴՀ դեսպանը նույնպես շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` շեշտելով, որ վերոնշյալ ձեռքբերումները թիմային աշխատանքի եւ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունք են: Ռայներ Մորելը նշել է, որ տնտեսական ոլորտում համագործակցությունն աշխուժացնելու նպատակով նախատեսվում է կազմակերպել հայ-գերմանական գործարար ակումբ` հավելելով, որ լավ կլինի Հայաստանի տնտեսական հնարավորությունների մասին կազմակերպել շնորհանդես Գերմանիայում:
Ի պատասխան Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է Ռայներ Մորելին, որ առաջիկայում կկազմակերպվի Հայաստանի հնարավորությունների մասին շնորհանդեսների շարք, այդ թվում նաեւ Գերմանիայի մեծ գործարար կենտրոններում, որոնց կհաջորդի 2016 թվականին նախատեսվող խոշոր ներդրումային համաժողովը:
Էկոնոմիկայի նախարարը ԳԴՀ դեսպանին փոխանցել է «Հայաստան. Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգը:
Հանդիպման ավարտին Կարեն Ճշմարիտյանը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռայներ Մորելին արդյունավետ համագործակցության համար եւ հանձնել նրան հուշանվերներ:





























