Աթենքում քաղաքային տրանսպորտը «բանկային արձակուրդի» պատճառով մեկ շաբաթ անվճար կլինի։ Այս մասին հայտարարել է Հունաստանի ենթակառուցվածքների, կապի եւ տրանսպորտի նախարար Խրիստոս Սպիրտզիսը Mega հեռուստաընկերության եթերում։

Նախօրեին երկրի կառավարությունը հայտարարել էր, որ Հունաստանի բանկերը ֆինանսավարկային համակարգի ապահովության նպատակով 6 օր չեն աշխատելու։ Սահմանափակվել է նաեւ դրամ կանխիկացնելու հնարավորությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք որոշել ենք «բանկային արձակուրդի» ժամանակ հնարավորինս հեշտացնել մարդկանց կյանքը։ Այդ պատճառով բազմաթիվ միջոցներ կձեռնարկվեն, որոնցից մեկը կլինի անվճար հանրային տրանսպորտը»,-ասել է նախարարը։

Որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ չկա համապատասխան օրենսդրական ակտ, բայց, նախարարի խոսքով, ուժի մեջ կմտնի օրվա ընթացքում կամ ամենաուշը վաղը։