Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ակնկալվող բարելավումը հանդիպել է լուրջ խոչընդոտի՝ ի դեմս նախապայմանների: Հարաբերությունների կարգավորման կարեւոր փուլ պետք է լինի Հայաստանի նախագահի Թուրքիա կատարելիք այցը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղին, բայց այդ այցը կարող է եւ չկայանալ:

Գերմանական «Deutsche Welle»-ի թղթակիցը հիշեցնում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե կայցելի, եթե հայ-թուրքական սահմանը մինչեւ խաղը բացված լինի կամ, նվազագույնը, Հայաստանը լինի «շրջափակման վերացման նախաշեմին», եւ ենթադրություն է անում, որ լայնորեն գովազդված «ֆուտբոլային դիվանագիտությունը» կանգնած է ձախողման եզրին:

Բայց Թուրքիան, թերեւս, պատրաստ չէ հրաժարվել նախապայմաններից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Դրանցից մեկը՝ Երեւանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարումն է, երկրորդ պայմանը՝ Հայաստանը պետք է ճանաչի այսօր գոյություն ունեցող սահմանները: Իսկ Անկարայի կողմից Երեւանի առջեւ հարուցված գլխավոր պայմանը՝ լուծել ղարաբաղյան հարցը Բաքվի օգտին:

Այսօր բազմաթիվ հայ քաղաքական գործիչներ կարծում են, թե Երեւանը չպետք է հրաժարվի նախապայմաններից բանակցային գործընթացը շարունակելու համար: Երեւանում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Գիդեոն Դյուրսթը հակառակն է կարծում: Նրա խոսքերով, եթե Սերժ Սարգսյանը չգնա Թուրքիա ֆուտբոլ դիտելու, կարող է կրկին պատային իրավիճակ ստեղծվել. «Հայաստանը սպասում էր իրադարձությունների արագ զարգացման ամռան ընթացքում: Դա չստացվեց: Եւ եթե ճեղքում չլինի, դա կորսված հնարավորություն կլինի եւ կարող է հանգեցնել երկու երկրների հարաբերությունների լճացման»: