Նիգերիայի կենտրոնական հատվածում գտնվող Ջոս քաղաքում երկու պայթյուն է որոտացել, որոնց հետեւանքով, ենթադրաբար, առնվազն 16 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսների:

Առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը՝ ներս վազելով ռեստորանի տարածք: «Ես տեսա, թե ինչպես էին մարդիկ դուրս վազում ռեստորանից, ոմանք արյունով էին շաղախված: Կարծում եմ՝ շատ մարդ է զոհվել»,- ականատեսների Բաշիր Աբդուլլահին է մեջբերում գործակալությունը:

Մզկիթում որոտացած երկրորդ պայթյունի թիրախը, ամենայն հավանականությամբ, հոգեւորական է եղել: Դեպքի վայրում գտնված Աբուբաքար Շեհուի խոսքով, տարբեր կողմերից երկու կամ երեք ավտոմեքենաներ են մոտեցել մզկիթին, կրակոցներ են հնչել, իսկ հետո պայթյուն է որոտացել՝ «կարծես մզկիթ ռումբ են նետել»:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, տեղի ոստիկանության ներկայացուցիչ Էմանուել Աբուն հաստատել է պայթյունների փաստը, սակայն միջադեպերի մասին այլ մանրամասներ հայտնել չի կարողացել:

Առայժմ հարձակումների եւ պայթյունների պատասխանատվությունն ահաբեկչական որեւէ խմբավորում չի ստանձնել: