ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկրները կփորձեն մինչեւ հոկտեմբերի 14-ը (Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը) ստանալ հակամարտության կարգավորման շուրջ մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների վերաբերյալ պաշտոնական Երեւանի ու Բաքվի հավանությունը։ Այս մասին օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ դատի գրասենյակի եւ ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«Սեպտեմբերի վերջին համանախագահները կներկայացնեն արդեն մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, եւ երկրները մի քանի շաբաթվա ընթացքում ստիպված կլինեն իրենց համաձայնությունը կամ մերժումը տալ այդ սկզբունքներին»,- հայտարարել է Մանոյանը։
Ըստ քաղաքագետի, այն փաստը, որ Ադրբեջանը մինչ այժմ գեթ մեկ անգամ չի հայտարարել, որ կտա իր համաձայնությունն այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղը գտնվի իր տարածքից դուրս, վկայում է այն մասին, որ Բաքուն երբեք հավանություն չի տա հիմնարար սկզբունքներին։
Մանոյանը կարծում է, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում իր համաձայնությունը տալ մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության լուծմանը, սակայն «ոչ ոք չի ուզում „ոչ“ ասել առաջինը»։ «Միջնորդները փորձում են բավարարել հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Թուրքիայի պահանջը միայն ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո, որպեսզի նախագահ Սարգսյանի այցը Թուրքիա, այնուամենայնիվ, տեղի ունենա»,- նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ «մեզ բավական թեժ քաղաքական եղանակ է սպասում», քանզի պաշտոնական Երեւանը պետք է իր վերջնական գնահատականը տա ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքներին։




























