«Այս տարվա տնտեսության անկումը` 16,3 տոկոսով, շատ ավելի խորն էր, քան մենք կանխատեսում էինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ընդգծելով, որ առաջին կիսամյակում ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում` 53,8 տոկոս եւ արդյունաբերության ոլորտում` 11,5 տոկոս:
Նրա խոսքով, նույն իրավիճակն է նաեւ համաշխարհային տնտեսության մեջ, որտեղ գրանցվել է 6 տոկոսի տնտեսական անկում: «Այսպիսի իրավիճակ չէր ակնկալվում ոչ Ռուսաստանում, ոչ համաշխարհային շուկայում: ԱՄՀ կանխատեսումները այդ երկրների համար նույնպես փոխվել են բացասական առումով»,- նշեց Վ. Արամյանը: Ըստ փոխնախարարի, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Եվրամիության համար մի քանի անգամ փոխել է իր կանխատեսումները: Եթե դեկտեմբերին ակնկալվում էր, որ ԵՄ-ում տնտեսությունը կաճի կես տոկոսով, ապա հետագայում այն դարձավ 0,5 տոկոսով անկում, հետո այդ ցուցանիշը փոխվեց 1,5-ի, 3,2-ի, 4,2-ի, իսկ հիմա արդեն 2009 թվականի հմար ԵՄ-ում կանխատեսվում է 4,8 տոկոսի տնտեսական անկում: «Այսինքն մեր տնտեսական զարգացումները համահունչ են համաշխարհային տնտեսության զարգացումներին»,- ասաց նա:
Այնուհետեւ անդրադառնալով ՀՀ տնտեսության ապագայի վերաբերյալ կանխատեսումներին, Վ. Արամյանն ասաց, որ սպասվում է որոշակի վերելք եւ վերադարձ դեպի կայուն վիճակի, որի արդյունքում տարվա վերջում Հայաստանի տնտեսական անկումը կտատանվի 12-15 տոկոսի շրջանակներում: Այս միջակայքը պայմանավորված է նրանով, որ կառավարությունն այսօր «մեծ լիկվիդայնություն է լցնում տնտեսության մեջ» եւ եթե այդ լիկվիդայնությունը տնտեսության կողմից կլանվի, ապա տնտեսության անկման ցուցանիշը ավելի ցածր կլինի, իսկ եթե այդ գործընթացը դանդաղ տեղի ունենա` ապա անկումը կարող է հասնել մինչեւ 15 տոկոսի: Փոխնախարարը նշեց նաեւ, որ կառավարությունը ընդյլայնողական քաղաքականություն է վարում: Հարցին, թե ո՞րն է այդ ընդյալնողական քաղաքականությունը, Վ. Արամյանը պատասխանեց, որ ճգնաժամի պայմաններում մասնավոր հատվածը միտված է իր ծախսերը կրճատել եւ ավելի պահպանողական դիրք է բռնում, եւ այդ պայմաններում կառավարությունը կատարում է այն ծախսերը, որոնք պետք է մասնավոր հատվածը կատարեր` այսինքն փող են ներարկում տնտեսության մեջ: Նրա խոսքով, այդ ներարկումները կազմելու են 50 միլիարդ դրամ:




























