«Ոչ թալանին» նախաձեռնությունը վաղը՝ հուլիսի 9-ին, Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարների հրավիրած հավաքին չի մասնակցի: Այս մասին NEWS.am-ին ասաց նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը՝ նշելով, որ չի բացառվում, որ նախաձեռնության անդամները մասնակցեն հավաքին որպես անհատներ:

«Բոլորն էլ մեր ընկերներն են, պառակտում չկա, տարաձայնություններ չկան,  պարզապես մեր կարծիքները չեն համընկնում, տարակարծիք ենք դրված պահանջների հարցում: Իրենք դրել են նախագահի հրաժարականի պահանջը, ինչը «Ոչ թալանին»-ի պահանջների մեջ չի մտնում: Մենք կարծում ենք, որ նախագահի հրաժարականը պահանջելու համար մենք բավարար ռեսուրս չունենք»,- ասաց Վաղինակ Շուշանյանը:

Վաղինակ Շուշանյանը նշեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը չի դադարեցրել գործունեությունը, նախաձեռնության անդամներն այժմ հանրային քննարկումներ են անցկացնում մարզերի բնակիչների հետ:

Նախաձեռնությունը հուլիսի 14-ին նախատեսում է երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում բռնություններ գործադրած ոստիկաններին: