Հուլիսի 9-ին Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) ընդունեց փաստաթուղթ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման վերաբերյալ: Գնահատելով ԵՄ-ի մոտեցումն իր անմիջական հարեւանների նկատմամբ՝ փաստաթուղթը պարունակում է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին առնչվող մի շարք դրույթներ:

Ի լրումն մյուս դրույթների, այն կոչ է անում «ԵՀՔ-ն վերափոխել առավել նպատակային եւ ճկուն քաղաքականության, որը կկարողանա հարմարվել գործընկեր երկրների բազմազանությանը», - միեւնույն ժամանակ հաշվի առնելով, որ «ԵՄ-ն պետք է հրավիրի ոչ ասոցացված գործընկեր երկրներին ներգրավվելու ոլորտային համագործակցության մեջ, ներառյալ՝ նոր ոլորտային համաձայնագրեր կնքելու հնարավորությունը եւ գոյություն ունեցող համաձայնագրերը ամրապնդելը»: Այնուհետեւ, փաստաթուղթն աջակցում է հարեւանության շրջանակում մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման եւ ազատականացման միջոցով շարժունակության ընդլայնմանը, եւ դիմում է Եվրոպական հանձնաժողովին առաջարկել ԵՀՔ երկրների մասնակությունը ԵՄ հավելյալ կառույցներում եւ ծրագրերում, օրինակ՝ ՖՐՈՆՏԵՔՍ-ում, ԵՎՐԱՓՈԼ-ում, կամ Էրազմուսում: 

Ավելին, ԵԽ փաստաթուղթը ընդգծում է նաեւ գործընկերների՝ Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակում համագործակցության եւ եվրոպական քաղաքական կուսակցությունների անդամակցության կարեւորությունը՝ խթանելու քաղաքական երկխոսությունը եւ ժողովրդավար ինստիտուտների հետագա զարգացումը: 

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am) կազմակերպությունը ողջունում  է այս կարեւորագույն դրույթները: «Դրանք հստակ արտահայտում են այն դիրքորոշումը, որ երկար ժամանակ պաշտպանում է մեր կազմակերպությունը», - մեկնաբանում է ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: «Մասնավորապես, այն պատճառով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները առանձնահատուկ են եւ պահանջում են իրենց նպատակին լավագույնս ծառայող իրավական հիմք: Այս դրույթները նաեւ շահավետ են Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխադարձ հետաքրքրությունների ոլորտները տարբերակելու համար, որոնք հնարավորինս կամրապնդեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները»:

ՀԵԲ-ի Հայաստան-Եվրոպա խորհրդատվական խորհրդի անդամ, Բուլղարիայի պատգամավոր դոկտոր Անդրեյ Կովաչեւը ավելացնում է. «Սա բավականին կարեւոր փաստաթուղթ է՝ այս օրենսդրության մեջ առաջինն իր տեսակով: Ես եւ իմ գործընկերները կողմ ենք այս փաստաթղթին եւ դրույթներին, որոնք վերաբերում են Արեւելյան գործընկերությանը եւ Հարավային Կովկասին: Հուսով ենք՝ փաստաթուղթը խթան կհանդիսանա Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման գործընթացքում»:

Բացի այդ, փաստաթուղթը այսպես կոչված սառեցված հակամարտություններում ԵՄ աջակցությամբ վստահության ձեւավորման մեխանիզմներ կառուցելու նախադեպ է ստեղծում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչների ներգրավմամբ, եւ «կոչ է անում Փոխնախագահին/ Բարձր ներկայացուցչին եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը մշակել նորարարական քայլեր եւ մոտեցումներ, ներառյալ հանրային հաղորդակցման մարտավարություն եւ ոչ-ֆորմալ խորհրդատվություն՝ երկխոսությանը եւ հաշտեցմանը աջակցելու նպատակով»:

Փաստաթուղթը մշակվել է ԵԺԿ խմբակցության Սլովակիայի ԵԽ պատգամավոր Էդուարդ Կուկանի կողմից եւ ընդունվել է ներկա գտնվող պատգամավորների մեծամասնության քվեով: