Հետազոտողները հայտարարել են, որ մարդու կրթական մակարդակն ուղղակի ազդեցություն ունի նրա կյանքի տեւողության վրա. բակալավրի կամ մագիստրոսի աստիճանը կարող է զգալիորեն երկարացնել այն: Գիտնականների եզրահանգումներին կարելի է ծանոթանալ PLoS ONE ամսագրում:
Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 1925, 1935 եւ 1945 թվականներին ծնված մարդկանց կյանքի տեւողությունը, ինչպես նաեւ 1986 թվականին ծնվածների առողջական վիճակն ու մահացության մակարդակը: Մաթեմատիկական մոդելների օգնությամբ գիտնականները հաշվարկել են, որ ամբողջական դպրոցական կրթություն ստանալը կարող էր 20-րդ դարի կեսերին ծնված եւ 2010 թվականին մահացած 145.243 մարդու կյանք փրկել, իսկ բարձրագույն կրթությունը, ասենք՝ բակալավրի աստիճանը,կկանխեր 110.068 մարդու մահը:
Ըստ Gazeta-ի, հետազոտության հեղինակները սա կապում են այն հանգամանքի հետ, որ բարձրագույն կրթություն ստացած մարդիկ ավելի զարգացած կոգնիտիվ ունակություններ են ունենում, սոցիալական այլ միջավայրում են ապրում, ավելի բարձր աշխատավարձ են ստանում, ինչպես նաեւ ավելի որակյալ մթերք գնելու եւ լավ պայմաններում ապրելու հնարավորություն են ունենում:





























