Հայաստանը պետք է վաղուց արդեն միջազգային հանրությանը հայտարարած լիներ, որ Թուրքիան ձախողել է հայ-թուրքական բանակցային գործընթացը՝ խաղի կեսին փոխելով արդեն հաստատված կանոնները։ Նման տեսակետ է այսօրվա մամուլի ասուլիսում հայտնել Հայ դատի գրասենյակի ղեկավար եւ ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Ըստ նրա, Հայաստանի կողմից նման հայտարարությունը «ճնշումը կփոխադրեր Թուրքիայի վրա»։

«Այժմ Թուրքիայի հիմնական նպատակն է ցույց տալ, թե հայ-թուրքական բանակցային գործընթացները դեռ շարունակվում են։ Դա միակ միջոցն է, որպեսզի կանխվի գործընթացին մի որեւէ երրորդ երկրի միջամտությունը»,- հայտարարել է Մանոյանը՝ նշելով, որ Թուրքիան այս փուլում փորձում է ամեն գնով իրեն ներկայացնել մի երկիր, որը չունի որեւէ խնդիր, եւ միայն այդ նպատակով փորձում է որքան հնարավոր է արագ լուծել ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերը։

Անդրադառնալով ԱՊՀ-ի կազմից Վրաստանի դուրս գալու թեմային, Մանոյանը նշել է, որ այդ կապակցությամբ Հայաստանի համար ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ, քանի որ նա կկորցնի ԱՊՀ-ի հետ սահմանը, սակայն հույս է հայտնել, որ «Վրաստանի իշխանությունները բավականաչափ գիտակից կլինեն Հայաստանի համար նոր խնդիրներ չստեղծելու հարցում»։