Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոք ակցիայի նախաձեռնողներին մնալ Ազատության հրապարակում եւ ժողովրդին չտանել արհեստական բախման՝ երթի: (ֆոտոռեպորտաժ)
«Մենք դեմ չենք, որ դուք Ազատության հրապարակում հավաք անցկացնեք, թեպետ անօրինական է: Բայց ոստիկանական ուժերը հավաքվել են Օպերայի ամբողջ շրջակայքում են, որպեսզի չթույլատրեն անօրինական երթը»,- ասաց Վալերի Օսիպյանը:
Հավաքի նախաձեռնողներից Նարեկ Այվազյանը փոխոստիկանապետին վստահեցրեց, որ իրենք բախումների գնալու ցանկություն չունեն, եւ իրենց ցանկացած գործողություն խաղաղ բնույթ է կրելու:
Նշենք, որ Ազատության հրապարակում մեծ թվով ոստիկաններ կան: Ոստիկանական ուժերը կենտրոնացված են հրապարակի բոլոր ելքերի մոտ:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ տեւած նստացույցից հետո հուլիսի 6-ին ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան: Ցուցարարները, որոնցից 40-ից ավելին բերման ենթարկվեցին, նստացույցը տեղափոխեցին Ազատության հրապարակ: Նրանք այսօր հավաք են հրավիրել Ազատության հրապարակում, որից հետո հնարավոր է երթ:
Նշենք, որ դեռ օրեր առաջ ոստիկանությունը նրանց թույլ չէր տվել Ազատության հրապարակից երթ անցկացնել՝ պատճառաբանելով, որ այն նախապես արտոնված չէ:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























