Այն բանից հետո, երբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ համաշխարհային ճգնաժամը չի ազդել Հայաստանի ֆինանսական շուկայի վրա, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն արձագանքեց. «Ո՞րն է այդ ֆինանսական շուկան: Կա՞ նման բան: Որտեղ է մեր կապիտալի շուկան, որտեղ է մեր ապահովագրական շուկան, արժեթղթերի շուկան: Որ դրանք չկան, համաշխարհային ֆինանսական շուկան բացարձակապես չի էլ նկատում, որ նման բան (Հայաստանում ֆինանսական շուկա) գոյություն ունի»:
Վ. Արամյանը համաձայնեց, որ Հայաստանում կայացած չեն վերը նշված շուկաները եւ հավելեց, որ դա էլ հենց օգնեց, որպեսզի Հայաստանը զերծ մնա ֆինանսական ճգնաժամի ազդեցությունից:
«Այսինքն քանի որ մարդը մահացած է, դա լավ է, որովհետեւ այդ դեպքում նրա վրա ոչինչ չի ազդում»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը:



























