«Առաջարկում եմ կառավարությանը. Խելքներդ գլուխներդ հավաքեք եւ առնվազն պետք է ներողություն խնդրեք այն խայտառակ ծրագրի համար, որն ընդունել է խորհրդարանը»,- նման խիստ գնահատական տվեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կառավարությանը: Նշենք, որ լրագրողների հետ հանդիպմանը կառավարությունը ներկայացնում էր Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

«Ի՞նչ է նշանակում 20 տոկոս անկման պարագայում 9 տոկոս աճ կանխատեսել 2009 թվականի համար: Կիսատ-պռատ ծրագրերի մասին եք խոսում: Իսկ ես ուզում եմ հայտարարել, որ այսօր Հայաստանում հակաճգնաժամային ծրագիր գոյություն չունի: Այն խոսքերը, որ ասում են, ասյտեղից-այնտեղից վերցրած խոսքեր են»,- վրդովված ասաց Բ. Ասատրյանն ու հավելեց. «Կառավարությունը խոսում է ընդլայնողական քաղաքականություն վարելու մասին. Այդ ի՞նչ բան է: Վերցրեք վերջին 3 տարիների ընթացքում դրամական զանգվածի բազայի աճի տեմպերը եւ համեմատեք անցած 6 ամիսների հետ. Կտեսնեք, որ այս տարի ոչ մի ընդլայնողական քաղաքականություն չի իրականացվում: Թե դրամական զանգվածի, թե բազայի աճի տեմպերը էապես ցածր են նախորդ տարիներից»:

Այնուհետեւ անդրադառնալով կառավարության կողմից հակաճգնաժամային ծրագիր ներկայացնելուն, ասաց. «Հակաճգնաժամային ծրագիրը պետք է քննարկվեր խորհրդարանում, բայց նման բան չի եղել: Այսօր ԱԺ-ն մատը մատին չխփեց, 9 տոկոսանոց աճ նախատեսող բյուջեն վերանայելու ուղղությամբ: Չի կարելի նման ազատություններ տալ որեւէ կառավարության, հատկապես այն կառավարությանը, որն ակնհայտ սխալ գնահատականներ է տվել տնտեսության անկման վերաբերյալ իր սպասումներում»:

Ի պատասխան սրա, ֆինանսների փոխնախարարն ասաց, որ 2008-ի օգոստոս ամսին իրենք չէին կարող տնտեսության նման անկում կանխատեսել, իսկ բյուջեն սկսել է ձեւավորվել հենց այդ ժամանակ: Բ. Ասատրյանն էլ հիշեցրեց, որ բյուջեն ԱԺ-ում ընդունվել է դեկտեմբերին, երբ արդեն անկման միտումներն ակնհայտ էին բոլորի համար եւ կային տնտեսագետներ, որոնք այդ ժամանակ արդեն կանխատեսել էին, որ տնտեսական անկումը կարող է հասնել անգամ 20 տոկոսի: