ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հնդկաստանում մսամթերքի վերամշակման գործարաններ այցելելու եւ վերամշակման գործընթացին ծանոթանալու արդյունքներին:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնութան հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Աշոտ Վահանյանը, որը նշել է, որ Հայաստանից Հնդկաստան մեկնած պատվիրակությունն օգոսոտոսի 2-ից 9-ը այցելել է տեղի մսամթերքի վերամշակման մի շարք ընկերություններ, որտեղ բացակայել են տարրական հիգիենայի կանոնները, միս են ձեռք բերել ոչ վերահսկելի տարածքներից: Մսամթերքը տեղափոխվել է սանիտարահիգիենիկ չափանիշներից զուրկ ավտոմեքենաներով: Հնդկաստանից Հայաստան ներմուծվում է հիմնականում գոմեշի միս, որն օգտագործվում է երշիկի արտադրության մեջ: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ խումբը եղել է նաեւ այնպիսի ընկերություններում, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները, եւ որ մսի ներկրումը պետք ապահովել պետական լուրջ հսկողության ենթարկվող ձեռնարկություններից:
Քննարկման ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստան պետք է միս ներմուծվի այն ընկերություններից, որոնք ունեն 5-ից ոչ պակաս տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխանող սեփական սպանդանոց, ինչպես նաեւ որակական չափանիշները հաստատող սերտիֆիկատ: Հնդկասատանում այդ չափանիշներին համապատասխանում են 17 ընկերություններ, որոնք մսի շուկայի 85 տոկոսն են ապահովում: Մինչդեռ Հայաստան ներմուծված մսի 21 տոկոսն է միայն ձեռք բերվել վերը նշված չափանիշներին համապատասխանող ընկերություններից:
Ըստ վարչապետի՝ պետեկամուտների կոմիտեի ուսումնասիրություններից պարզվել է, որ տեղի է ունեցել կեղծարարություն, այսինքն` Հայաստան միս ներմուծող ընկերությունները միսը ձեռք են բերել այն ձեռնարկություններից, որոնք համապատասխան սերտիֆիկատ չունեն, իսկ մաքսային փաստաթղթերում ձեւակերպել են այն ընկերության անունը, որն ունի սերտիֆիկատ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը հանրապետություն ներմուծվող մսամթերքի նկատմամբ:




























