Դեպի Հայաստան գիշերային չվերթների հարցը Քաղավիացիայի գլխավոր վարչությունը պատրաստվում է քննարկել օտարերկրյա ավիաընկերությունների հետ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել են վարչությունից:
«Այդ հարցն անհրաժեշտ է քննարկել օտարերկրյա ավիաընկերությունների հետ, որոնք թռիչքներ են իրականացնում դեպի Հայաստան, ինչի արդյունքում պարզ կդառնա նրանց դիրքորոշումը»,- ասված է գրավոր պատասխանի մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ դեպի Հայաստան շատ միջազգային չվերթներ իրականացվում են գիշերը, ինչը անհարմարություններ է ստեղծում ժամանողների համար։ Վարչապետը Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին, Էկոնոմիկայի նախարարությանը եւ Քաղավիացիայի գլխավոր վարչությանը հանձնարարել էր բանակցություններ վարել ավիաընկերությունների հետ ժամանումները գիշերվա ժամերից առավոտյան ժամերի տեղափոխելու համար։
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում գիշերային ժամերին իրականացվող միջազգային չվերթները անհարմարություն են առաջացնում ոչ միայն Հայաստան այցելող զբոսաշրջիկների, այլեւ երկրից մեկնողների համար։





























