Հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած ազատամարտիկ 52-ամյա Վարդան Թումանյանի գործով ամբաստանյալներ Սարգիս Ղուկասյանը եւ Գեւորգ Սարգսյանը (Ջունգլ) փորձում են արտադատարանական ճանապարհով հասնել նրան, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն չնշանակվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը՝ այս կերպ մեկնաբանելով այն փաստը, որ ամբաստանյալների պաշտպան Կարեն Մկրտչյանն արդեն երրորդ անգամ չի ներկայանում Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ինչի պատճառով դատական նիստերը չեն կայանում։
«Կարծում եմ, որ իրենց կողմից միտում կա ձգձգելու դատավարությունը: Փորձում են արտադատարանական ճանապարհով՝ ինչ-որ օղակներով, միջամտեն, որպեսզի կրկնակի դատաբժշկական փորձաքննություն չնշանակվի»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննությունն անհրաժեշտ է, քանի որ նախկին երկուսը միմյանց էապես հակասում են:
Տիգրան Մուրադյանի խոսքով՝ ազատամարտիկ Վարդան Թումանյանի մահվան գործով պատշաճ նախաքննություն չի իրականացվել:
«Ծեծի հետեւանքով պատճառված վնասվածքները կյանքի հետ համատեղելի լինելու կամ չլինելու մասով կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին մեր միջնորդություններն անտեսվեցին ու այս վիճակում գործն այժմ դատարանում է: Եթե մի քիչ օբյեկտիվ ու արդար երկրում լինեինք, հաստատ այդ քննիչին քրեական պատասխանատվության կենթարկեին այսպիսի թերի եւ միակողմանի քննություն իրականացնելու համար»,- ասաց նա:
Նշենք, որ գործով կայացել է միայն 1 դատական նիստ: Նշանակված մյուս 3 նիստերը չեն կայացել ամբաստանյալների պաշտպանի վատառողջ լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ առաջին փորձաքննությամբ պարզվել էր, որ Վարդան Թումանյանը մահացել է ծեծի հետեւանքով, մինչդեռ կրկնակի փորձաքննությունը ցույց էր տվել, որ ազատամարտիկի մահվան եւ ծեծի միջեւ պատճառահետեւանքային կապ չկա: Դրանից հետո «Ջունգլի» եւ Սարգիս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել էր, նրանք կալանքից ազատվել էին։
Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները համաձայն չեն առաջադրված մեղադրանքի հետ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդիի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։ Վարդան Թումանյանի մահվան առնչությամբ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ:





























