Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում հունիսի 23-ին ոստիկանների գործողությունների վերաբերյալ անցկացվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

NEWS.am-ը հարցում էր արել ոստիկանությանը՝ պարզելու, թե հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ կարգապահական տույժերի ենթարկված ոստիկանները մասնավորապես ինչ գործողություններ են կատարել Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում:

Ոստիկանության լրատվական ծառայությունն ուղարկել է հետեւյալ պատասխանը. «2015թ. հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննության ընթացքը կասեցվել է եւ հետագա ընթացքը լուծելու նպատակով նյութերն ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն։ Ձեր հարցերին հնարավոր կլինի պատասխանել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործերի նախաքննության վերջնական արդյունքներից հետո»:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Վլադիմիր Գասպարյանի հրամանով 9 ոստիկան ենթարկվել է կարգապահական տույժերի: