Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ջրանցքն ընկած մոտ 41-ամյա Մ.Պ.-ն, ամենայն հավանականությամբ, ոգելից խմիչք է օգտագործած եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը:

Նա նշեց, որ Մ. Պ.-ն օրավարձով աշխատող էր, հաշմանադամության թոշակ էր ստանում, ապրում էր մոր, քրոջ եւ հորաքրոջ հետ: Ամուսնացած էր, երեխաներ չունեին,  ամուսնությունը մի քանի ամիս տեւեց ընդամենը: Բաժանությունը տղամարդը ծանր էր տանում: «Երեւի խմած է եղել, շիշ կար կողքը կոտրված, նստել է ծառի տակ խմել ու ընկել ջրանցքը: Նախկինում էլ խմիչքի հանդեպ սեր ուներ, բայց հիմա բաժանվելը շատ ծանր էր տանում»,-ասաց գյուղապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 5-ին՝ ժամը 17:42-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի մոտակա ջրանցքում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պարզվել է՝ դին հայտնաբերվել է Վազգեն Սարգսյան 2-րդ փողոցի մոտակա ջրանցքում: Հրշեջ-փրկարարները ջրանցքինց դուրս են բերել 1974 թ. ծնված Մ. Պ.-ի դին: