«Ժամանակ» թերթը գրում է. «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի հարեւանները շոկի մեջ էին եւ դժվարանում էին գտնել որեւէ տրամաբանական վարկած, ինչը կարող էր դառնալ սպանության պատճառ:

53-ամյա Անիի հարեւանները մեզ հետ զրույցում միայն դրական էին արտահայտվում նրա մասին: «Շատ դրական մարդ էր, բոլորին շատ հարգում էր, կիրթ էր, քաղցրալեզու, միշտ բարի խորհուրդներ էր տալիս: Ոնց ասեմ՝ կյանքում էս բակում մեկի հավին քշա չէր ասել»,- մեզ հետ զրույցում պատմեց նույն հարկի բնակչուհի տիկին Ջուլիետան:

Նա դեպքի մասին ոչինչ չէր լսել, ոչ էլ աղմուկ էր լսել, ու որեւէ արտառոց բան չէին նկատել նախորդ օրերին: Միայն փրկարարների ու ոստիկանության բազմությունից էր հասկացել, թե ինչ է կատարվել:

9-րդ հարկի բնակչուհի տիկին Սվետան պատմեց, որ առաջինը Անիի մայրն է եկել Աշտարակից: Շատ անհանգիստ տոնով հարեւաններին դժգոհել է, թե Անիին զանգում է՝ չի պատասխանում, եւ պնդել է, որ Անին տանն է, ու հարեւաններին խնդրել է դուռը բացել:

«Շատ անհանգիստ էր մայրը: Ասում էր՝ դուռը բացեք, իմ Անին ներսում է, իմ Անիին սպանել են»,- պատմեց տիկին Սվետան: Երբ մայրը շատ է համառել, փրկարարներ են եկել ու ոստիկանության համաձայնությամբ բացել են դուռը. պարզվել է, որ մայրը իրավացի էր:

Հարեւանուհիները պատմեցին, որ Անին 15-րդ թաղամասի «Բանկի շենքում» միայնակ էր բնակվում: Նրա ծեր մայրը միայնակ բնակվում է Աշտարակում, իսկ եղբայրը Ռուսաստանում է:

Անին ծնվել է Թեհրանում, ապա տեղափոխվել են Հայաստան: Նա մինչ էքստրասենս դառնալը երգել է Էջմիածնի եկեղեցու երգչախմբում: Երեւան տեղափոխվելուց հետո նա բնակություն է հաստատել նշված շենքում եւ սկսել զբաղվել իր գուշակություններով:

Հարեւանուհիների խոսքով՝ Անին մշտապես հյուրեր էր ունենում՝ անծանոթ աղջիկներ, կանայք էին գալիս, պատահում էր՝ իրենց ամուսինների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում